Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք օրինակ, Շարմազանովը ազգությամբ հույն է, խորհրդարանում է». Ասորական համայնքի ներկայացուցիչ

Հուլիս 22,2015 19:45

Հայաստանի ասորական միությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը դեռ չի հասցրել ծանոթանալ Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Բայց ազգային փոքրամասնությունների վերաբերյալ փոփոխություններին ծանոթ է: Նա Aravot.am-ին ասաց, որ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության եզդիների առաջարկը իրենց սրտով չէ ու այդ հարցի շուրջ եզդիների հետ շատ են վիճել:

«Ինձ թվում է, որ այդ քվոտաները շատ սխալ են, որովհետեւ  մենք պատգամավորների, Ազգային ժողովի հետ արդեն աշխատում ենք: Մենք Հայաստանի քաղաքացի ենք եւ մեր քաղաքական, հասարակական գործունեության իրականացման հարցում համագործակցում ենք պատգամավորների հետ: Ունենք օրինակ, ԱԺ փոխնախագահ Շարմազանովը ազգությամբ հույն է, խորհրդարանում է: Հետեւաբար, ցանկացած փոքրամասնության ներկայացուցիչ կարող է ընդգրկվել ցանկերում: Եզդիներն են առաջարկել այդ հարցը, մենք ամեն անգամ իրենց հետ վիճել ենք, բացատրում էինք, որ դա պետք չէ, բայց իրենք համարում են քվոտա է պետք: Ինձ թվում է` ավելորդ է»,- ասաց Իրինա Գասպարյանը:

«Էլպիդա» հունական համայնքը ներկայացնող  հունական ՀԿ-ների միության նախագահ Արկադի Խիտարովը, ընդհակառակը, ոգեւորված է եզդիների առաջարկությամբ: Նա դրական առաջընթաց է համարում ԱԺ-ում փոքրամասնության ներկայացուցիչների ներգրավվածությունը, պարզապես դեռ չի կարողանում հասկանալ՝ ինչ կարգով են ընտրվելու. «Մոտ իննը ազգային փոքրամասնություն կա Հայաստանում, չեմ կարողանում պատկերացնել՝ ինչպես են ներգրավվելու: Իհարկե, լավ կլինի, որ փոքրամասնություններից մարդ լինի այնտեղ, որ կարողանա մեր հարցերն ավելի լավ ներկայացնի: Չգիտեմ՝ քանակ կա՞, ինչպե՞ս, ինչքա՞ն են ընտրելու կամ ներգրավված լինել ինչ է նշանակում»:

Արկադի Խիտարովն էլ դեռ չի ծանոթացել սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ դեռ կարծիք չկարողացավ հայտնել:

Հայաստանի վրացական համայնքի ներկայացուցիչ Սվետլանա Նամչևաձեն էլ է կողմնակից ԱԺ-ում ներգրավված լինելու առաջարկին: Նա նույնպես ծանոթ չէ սահմանադրական փոփոխությունների նախագծին, այդ պատճառով սահմանափակվեց գնահատականների մասով: Հետո ասաց՝ գործող Սահմանադրությունից էլ դժգոհություններ չունի, ազգային փոքրամասնությունների շահերը, ըստ գործող սահմանադրության էլ սահմանափակ չեն:

Մեր հարցին ի՞նչ փոփոխություններ կուզեր տեսնել նոր Սահմանադրությունում, ասաց. «Մենք ուզում ենք այն, ինչ ուզում են բոլոր հայաստանցիները, որ երիտասարդները աշխատանք ունենան, այստեղից չգնան, որ համապատասխան պայմաններ լինի, այսքան բան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031