Երեւան քաղաքի բնակիչ, 1952թ. ծնված Անժիկ Սորֆազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. օգոստոսի 22-ին ավտոբուսով Թուրքիայից ժամանելով Հայաստան, Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետ, ձեռքի պայուսակում եւ ուղեբեռում, մաքսանենգությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելու միջոցով, ՀՀ է տեղափոխել 5կգ 357 գրամ ընդհանուր չափով, խոշոր չափերով՝ 5 միլիոն 357 հազար դրամ արժեքով տարբեր տեսակի արծաթե զարդեր, որոնք հայտնաբերվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ բացի այդ, Ա. Սորֆազյանը Բագրատաշեն մաքսակետում, 2014թ. հունիսի 12-ին Թուրքիայից ՀՀ վերադառնալու ժամանակ, մաքսային հսկողություն անցնելիս, դստեր՝ Արշալույս Սորֆազյանի եւ քննությամբ դեռեւս չպարզված Կարեն անունով անձի դրդմամբ ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության տեսուչ Խորեն Ջանվելյանին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք, իր մոտ եղած արծաթյա զարդերն անխափան ՀՀ մաքսային սահմանով անցկացնելու համար,սակայն վերջինս հրաժարվել է առաջարկած գումարից:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Անժիկ Սորֆազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով(«Մաքսանենգությունը») եւ 312 հոդվածի 1-ին մասով («Կաշառք տալը»):
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը հուլիսի 30-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ