Ինչո՞ւ էր նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել Մոսկվա` լրագրողներից մեկի հարցին, գործարարը պատասխանեց, որ հրավիրված էին այլազգի տարբեր խոշոր գործարարներ, ովքեր իր հետ կապ ունեցող մարդիկ էին եւ ինքը, քննարկման ժամանակ, ներկայացնում էր ՀՀ-ի առավելությունները տարբեր ճյուղերում եւ ոլորտներում:
Խաչատուր Սուքիասյանն այսօր Նոր Հաճընում մասնակցում էր Գագիկ Ծառուկյանի կառուցած հերթական եկեղեցու օծման արարողությանը :
Լրագրողների հարցին` կարելի է ասել, որ նեղացվածությունն իր ու իշխանությունների միջեւ անցել է, գործարարը պատասխանեց, որ ՀՀ-ն իր համար շատ թանկ է ու հանուն ՀՀ-ի ինքն ամեն ինչի պատրաստ է: Իշխանությանը նա համարում է «ժամանակավոր մենեջերներ», ովքեր «այսօր կան, վաղը` չկան»:
Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ իրեն պաշտոն առաջարկվել է ու ինքը հրաժարվել է ու նույն կերպ կվարվի այժմ, եթե նորից իրեն պաշտոն առաջարկվի:
Կարդացեք նաև
«Ցանկացած եկեղեցու բացում դրական եմ գնահատում, բայց պետք է միեւնույն ժամանակ, այն եկեղեցիները, որոնք որ դարեր առաջ կառուցվել են, նույնպես ուշադիր լինենք, վերականգնենք, վերանորոգենք»,- լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց նա: Դիտարկմանը, որ ճիշտ չէ՞ եկեղեցիների փոխարեն գործարաններ կառուցել, Խաչատուր Սուքիասյանը հավելեց, որ դա կառուցողի որոշելիքն է ու շուկայական հարաբերությունների դեպքում մարդիկ իրենք են ընտրում, թե ինչ ուղղությամբ ծախսեն իրենց դրամական միջոցները. «Եթե գնանք դարեր ետ, Հայաստանի տնտեսությունը տարբեր ժամանակներում նույնպես մի հզոր, աշխարհում նկատելի չի եղել, բայց եկեղեցիներ կառուցվել են: Միգուցե դա հայկական մտածելակերպ է կամ այն տարածաշրջանում ենք ապրում, որտեղ որ եկեղեցաշինությունը մեր ապագան պետք է ապահովի»:
Խաչատուր Սուքիասյանը եկեղեցի կառուցելու մտադրություն չունի, նա ՀՀ այն քաղաքացիներից է, ովքեր կնախընտրեն տնտեսության մեջ ներդրումներ անել:
Սահմանադրական բարեփոխումների նախագծին էլ չի հասցրել ծանոթանալ, ուստի զերծ մնաց կարծիք հայտնելուց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ