Aravot.am-ը Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երվանդ Վարոսյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է հավաստի մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե Վալերի Պերմյակովի գործով առաջին դատաքննությունը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 10-ը: «Նախ որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, որ քրեական գործի այս կամ այն մասն ուղարկվել է դատարան: Բացի այդ, սպանության մասով գործի փոխանցումը դատարան մինչեւ օգոստոսի 10-ը ես բացառում եմ, որովհետեւ գործը նոր է հանձնվել Հայաստանի հանրապետության քննչական կոմիտեին եւ այս պահին գտնվում է թարգմանության փուլում: Ինչ վերաբերում է դասալքության մասով գործին, որը, ըստ երեւույթին, ռուսական կողմը չի հանձնել Հայաստանի հանրապետության քննչական կոմիտե, ապա այդ մասին, նորից եմ կրկնում, որեւէ պաշտոնական տեղեկություն այս պահի դրությամբ չկա»:
Ձեր կարծիքով դասալքության գործը չպիտի՞ քննվի սպանության գործի հետ համատեղ՝ հարցին, Երվանդ Վարոսյանն ասաց. «Այս պահին ես մեկնաբանություն չեմ անի, քանի որ մենք անգամ ծանոթ չենք երկու քրեական գործերը միացնելու մասին որոշմանը: Այսինքն, երբ որ գործը կթարգմանվի, երբ գործերը միացնելու մասին որոշմանը մեզ կծանոթացվի, այդ ժամանակ էլ կարելի կլինի նման մեկնաբանություններ անել»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի փաստաբանը Комсомольская правда- թերթի լրագրողի՝ Ավետիսյանների սպանության փաստով անցկացրած հետաքննության մասին, կա՞ արժանահավատ տեղեկություն: «Նախ ասեմ, որ Комсомольская правда թերթում հղումներ կան Պերմյակովի ինչ-որ ցուցմունքներից, որոնց, այս փուլում, մենք ոչ մեկս ծանոթ չենք, եւ Комсомольская правда թերթի լրագրողը ծանոթ լինել չի կարող օրենքով: Դրա համար մեկնաբանել մի բան, որին որեւէ մեկս իրականում ծանոթ չենք, դա անշնորհակալ գործ կլինի»,- ասաց Երվանդ Վարոսյանը:
Իսկ Պերմյակովի՝ Ավետիսյանների սպանությունը միայնակ գործել-չգործելու առնչությամբ, փաստաբանն ասաց. «Ես դրա հետ կապված մի անգամ արդեն նշել եմ, մի անգամ էլ կնշեմ, այն ապացույցները, այն ծավալով ապացույցները, որոնց մենք այս փուլում ծանոթ ենք, վկայում են այն մասին, որ Պերմյակովը գտնվել է Ավետիսյանների տանը եւ կրակոցներ է արձակել: Միաժամանակ առկա ապացույցներից որեւէ մեկով չի հիմնավորվում տան ներսում երկրորդ անձի գտնվելը: Այսքանը պարզ է այսօրվա դրությամբ, մնացածը քրեական գործի մնացած նյութերին ծանոթանալուց հետո կարող ենք ասել, հնարավոր է ինչ-որ ապացույց կա, որը վկայում է երկրորդ անձի առկայությունը, թեկուզ ոչ տանը»:
Կարդացեք նաև
Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հետ կապված որեւէ համաձայնություն, թեկուզեւ որեւէ խոսակցություն կա՞ հարցին, Երվանդ Վարոսյանն ասաց. «Այսօրվա դրությամբ մենք տիրապետում ենք միայն այն տեղեկատվությանը, որը Սերժ Սարգսյանը հայտնի հայտարարությամբ ասել է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ