Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային երգ ու պար» առարկայի ծրագրում պետք է տեղ հատկացվի նաև ազգային նվագարաններին». երաժշտագետ

Հուլիս 22,2015 19:25

Մասնագետները ողջունում են հանրապետության ևս 100 դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրումը, բայց կարծում են, որ առարկան պետք է դասավանդվի բացառապես մասնագետների կողմից:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 2­-ին հրաման է ստորագրել 2015-­2016 ուսումնական տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ ևս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ: Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5­-ական և Երևանից 50 դպրոց:

«Տկզար» շնչական նվագախմբի հիմնադիր Կառլեն Միրզոյանը, որը երկար տարիներ երգի և գեղագիտության ուսուցիչ է եղել, համոզված է, որ երեխաները երգ ու պար պետք է սովորեն հենց առաջին դասարանից, անգամ մանկապարտեզից, և հետո աստիճանաբար խորացնեն իրենց գիտելիքները: Դրա համար, նրա պնդմամբ, «Ազգային երգ ու պար» առարկան չպետք է դասավանդեն, օրինակ, ֆիզկուլտուրայի ուսուցիչները. «Մի´ արեք նման բան: Եթե առարկայի դասավանդումը չի դրվելու մասնագիտական հիմքերի վրա, ավելի լավ է ընդհանրապես չդասավանդվի»,- ասում է նա:

Գրականագետ, հրապարակախոս, արձակագիր Դավիթ Սարգսյանը ևս գտնում է, որ շատ ավելի լավ կլինի, եթե մասնագետները դասավանդեն առարկան, բայց և ընդունում է, որ միանգամից կատարյալ գործընթաց սկսվել չի կարող. «Սա շատ լավ նախագիծ է. երաժշտությունն ամենամեծ ներգործությունն ունեցող ուժերից է: Պետք է հիմքերը ճիշտ դնել, իսկ դրա համար անհրաժեշտ է ողջ մշակութային դաշտը մոբիլիզացնել»,- ասում է նա:

Երաժշտագետ Արմինե Միրզոյանը համաձայն է վերը նշված կարծիքներին, միայն թե կցանկանար, որ ծրագրում տեղ հատկացվի նաև ազգային նվագարաններին. «Եկող սերունդը պետք է իմանա ազգային նվագարանների մասին: Մանկապարտեզում երեխան արդեն պիտի կարողանա իրարից տարբերել շվին ու դուդուկը, զուռնան ու պարկապզուկը: Գոնե պետք է իմանա՝ դրանք ազգային են թե ոչ: Երգն առանց նվագարանի չի կարող: Ազգային երգը, պարը և նվագարանները մի ամբողջություն են կազմում»,- ասում է երաժշտագետը:

«Ամեն երեխայի մեջ էլ երգելու և պարելու հակում կա, պարզապես պետք է կարողանաս ի սկզբանե դրան ճիշտ ընթացք տալ»,- կարծում է գրականագետ, ԵՊՀ դասախոս Սամվել Մուրադյանը:

Նրա դիտարկմամբ՝ «Ազգային երգ ու պար» առարկայի դասավանդումը լավ հնարավորություն է՝ ճիշտ ժամանակին բացահայտելու երեխայի ընդունակությունները. «Մեծանալով երեխան ընտրում է այս կամ այն մասնագիտությունը, և նրա մեջ եղած տաղանդն աստիճանաբար կորում է՝ այդպես էլ չբացահայտվելով: Եթե մեկը կոչումով երաժիշտ կամ պարող է ծնվել, ապա այս ծրագիրը կհայտնաբերի նրա տաղանդը»,- համոզված է Ս. Մուրադյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031