Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը միջնորդեց ցուցարարին 6 ամսով ազատազրկել

Հուլիս 22,2015 19:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Երջանիկ Մակյանի նախագահությամբ հուլիսի 22-ին շարունակվում էր քննվել Կարեն Սաղաթելյանն ընդդեմ Նարեկ Հակոբյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում մեղադրող Ռոլանդ Հայրապետյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Ըստ մեղադրողի՝ հիմնավորված է, որ Նարեկ Հակոբյանը 2014 թվականի հունիսի 23-ին մասնակցել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ուղղված բողոքի ակցիային, եւ նրա ընթացքում փորձել է խոչընդոտել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների գործողություններին եւ բռնություն է գործադրել գործով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ, տուժող Կարեն Սաղաթելյանի նկատմամբ:

Ռոլանդ Հայրապետյանի խոսքերով՝ անարժանահավատ են վկաների ցուցմունքները, քանի որ նրանք շահագրգիռ անձինք են. «Չնայած այդ հանգամանքին՝ հարկ եմ համարում նշել, որ նրանք նշել են, թե չեն տեսել, որ Հակոբյանը հարվածած լինի ոստիկանության աշխատակցին, սակայն միեւնույն ժամանակ՝ չեն պնդել, որ նման բան չի եղել»:

IMG_0010---Copy IMG_0013---Copy

Մեղադրողը միջնորդեց Նարեկ Հակոբյանին մեղավոր ճանաչել եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում, 6 ամիս ժամկետով. «Պատիժը նշանակելիս հարկավոր է հաշվի առնել ամբաստանյալի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը եւ բնույթը, վերջինիս անձը բնութագրող տվյալները, ինչպես նաեւ պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները: Ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները նրանք են, որ վերջինս դատված չի եղել, բնութագրվում է դրական, ունի բարձրագույն կրթություն եւ համարվում է գիտաշխատող: Ամբաստանյալի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները բացակայում են»:

Պաշտպանական կողմը դատարանից ժամանակ խնդրեց՝ ճառին պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031