Հուլիսի 21-22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերում: Երկօրյա շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագոտու պահպանությունն իրականացնող զորամասերում, ստուգել է սպառազինության և զինտեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաև նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքը։ Նախարարը ծանոթացել է նաև զորամասերի սոցիալ-կենցաղային պայմաններին, հետևել է ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորումների հրամանատարներ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանն ու գնդապետ Տիգրան Փարվանյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ:
Սեյրան Օհանյանը եղել է նաև մարտական հենակետերում, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման և կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածներում տիրող օպերատիվ իրավիճակին: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:
Աշխատանքային այցի շրջանակում բանակային զորամիավորումների ղեկավար կազմի հետ ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել են խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականներ՝ ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարություն