Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Հովսեփյանն ընդունել է Ռիչարդ Միլսին

Հուլիս 22,2015 18:30

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ՔԿ նախագահը ներկայացրել է նորաստեղծ պետական մարմնի կայացման ուղղությամբ կատարված աշխատանքները, անցած 9 ամիսների ձեռքբերումներն ու խնդիրները: Ա.Հովսեփյանը կարևորել է նախաքննական մարմնի անկախությունը, կոնկրետ քրեական գործով վարույթի ընթացքում գործը քննող քննիչի փաստացի անկախության և ինքնուրույնության ապահովումը` անդրադառնալով մշակված օրենսդրական  կառուցակարգերին:

Խոսելով կոմիտեի առաջնահերթ խնդիրների մասին` ՔԿ նախագահն ընդգծել է նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ կարևորելով քննիչների վերապատրաստումը, քննության ընթացքում իրավապահ մարմինների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են քրեական գործերի թվայնացման, տեղեկատվական բազաների հասանելիությունն ապահովելուն ուղղված համատեղ իրականացվող ծրագրերին: Ա.Հովսեփյանը նշել է, որ ներկայումս երկու վարչական շրջաններում փորձարկվող թվայնացման ծրագիրը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ 2016 թվականին կներդրվի Քննչական կոմիտեի մայրաքաղաքի և մարզային բոլոր քննչական ստորաբաժանումներում: Արդյունքում` կողմերը, քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, քրեական գործի նյութերը կստանան կրիչով, ինչը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև՝ ֆինանսական ռեսուրսների խնայողությանը:

Զրուցակիցները փաստել են հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ինչպես ներպետական, այնպես էլ տարբեր երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության կարևորությունը։ Բարձր է գնահատվել Հայաստանի քննչական կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ձևավորված համագործակցության փորձը` չնայած կոմիտեի գործունեության կարճ ժամանակահատվածին:

Ա.Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերներին՝ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցները հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ ՔԿ հարցմանն արձագանքելու և ԱՄՆ-ում անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու, ձեռք բերված ապացույցներն ուղարկելու համար՝ չնայած կոնկրետ քրեական գործերով միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ անհրաժեշտ օրենսդրական կառուցակարգերի բացակայությանը։

«Այս համագործակցության արդյունքում կարողացանք ապահովել քննության բազմակողմանիությունը և հիմնավորել Հայաստանում միլիոնավոր դրամի հասնող հափշտակության փաստը: Համագործակցության այս նախադեպն ազդակ է, որ արդարադատության ձեռքերը երկար են, և չարաշահողները չեն կարող խուսափել պատասխանատվությունից` անկախ նրանից, թե որ երկրում են սկսել և որ երկրում ավարտել հանցագործությունը»,- ասաց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը:

«Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք իրավունքի գերակայության, թափանցիկության, հաշվետվողականության խթանման շուրջ ԱՄՆ դեսպանության ու ՀՀ Քննչական կոմիտեի միջև համագործակցության ուղիները, ինչպես նաև՝ կոռուպցիայի ու ընտանեկան բռնության դեմ պայքարի մեխանիզմները: Վերջին 18 ամիսների ընթացքում հերոինի ու մետամֆետամինի մեծ խմբաքանակների առգրավման հանգամանքը հաշվի առնելով՝ մենք նաև քննարկեցինք, թե ինչպես կարող ենք առավել սերտորեն գործակցել թմրամիջոցների միջազգային շրջանառությամբ ու փողերի լվացմամբ զբաղվող խմբերի դեմ պայքարում»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։

Կողմերը, դրական գնահատելով ձևավորված համագործակցությունն ու արդյունքները, պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունը` նախանշելով համագործակցության նոր ուղղություններ։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031