«Սինջար» եզդիների ազգային միավորումն այսօր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հրավիրել էր Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը: Բայց հանդիպմանը եկել էին միայն եզդի համայնքի մի քանի երիտասարդ:
Ավելի վաղ «Սինջարի» նախագահ Բորիս Մուրազին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին էր դիմել՝ ազգային փոքրամասնությունների շահերը սահմանադրական բարեփոխումներում հաշվի առնելու առաջարկով. «Նախագծում շատ կարեւոր փոփոխություն է առաջարկվում կոնկրետ ազգային փոքրամասնությունների՝ Ազգային ժողովում ներկայացված լինելու հետ կապված»:
Նա ասաց, որ դեռ չի շտապի ասել, թե կաջակցեն փոփոխությունների այս տարբերակին. «Կաջակցենք Սահմանադրական փոփոխություններին, եթե այն կետերը, որոնք մեր առաջարկի հետեւանքով են հայտնվել բարեփոխումների այս տարբերակում, կմնան այն նախագծում, որը կդրվի քվեարկության: Իսկ մենք առաջարկել ենք, որ ընտրովի մարմիններում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացված լինեն: Մենք նկատի ունենք փոքրամասնություններից պատգամավորներ: Երբ հստակ հասկանանք՝ ընտրիչներ ասելով ինչ նկատի ունեն, ինչպես են այդ ընտրիչներն ընտրվում, ըստ Սահմանադրական փոփոխությունների տարբերակի, կհասկանանք, թե մենք ինչպես ենք ընտրվելու: Սա այս պահին դա անհասկանալի գործընթաց է»:
Վերջում էլ հավելեց, որ սահմանադրական փոփոխությունների այս տարբերակի վերաբերյալ մտահոգություններ չունի, եթե այս տեքսով այն մնա, իրեն կբավարարի. «Եթե այս նշված հոդվածները մնան ու դրվեն քվեարկության»:
Կարդացեք նաև
Նա հրաժարվեց գնահատականներ տալ Սահմանադրության նախագծի այն գլուխների վերաբերյալ, որոնք չեն վերաբերում ազգային փոքրամասնություններին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ