Արդեն տեղեկացրել ենք, որ «Օրանժ Արմենիան» ներկայումս քննարկումներ է սկսել Ucom ընկերության հետ՝ 100% բաժնետոմսերը վաճառելու ուղղությամբ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասաց, որ գործարքը պետք է վավերացվի հայկական պետական մարմինների կողմից, այսինքն՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի:
Ֆրանսիս Ժելիբտերը վստահեցրեց, որ «Օրանժ Արմենիան» շարունակելու է իր գոյությունը շարժական կապի շուկայում, պահպանելու է իր լիցենզիան, ցանցային ենթակառուցվածքներն ու շարունակելու է սպասարկել իր 650 հազար բաժանորդներին: «Բանակցությունները վերաբերում են ոչ թե «Օրանժ Արմենիայի» հայկական շուկայից հեռանալուն, այլ ընդամենը ընկերության բաժնետիրոջ փոփոխություն է տեղի է ունենալու, «Օրանժ խմբից» բաժնետոմսերի փոխանցումը՝ Ucom-ին»,-ասաց Ժելիբտերը:
«Օրանժ Արմենիայի» վաճառքը, ինչպես ասաց Ժելիբտերը, ունի 2 նպատակ. 1-ինը՝ գործարքի ավարտին լուրջ շարժական կապի օպերատորի ստեղծումն է, որը ընդհանուր հեռահաղորդակցության շուկայի 20%-ը կունենա, իսկ 2-րդ նպատակն, ըստ գլխավոր տնօրենի, իրար փոխլրացնող գործունեությունների համադրմամբ եւ համաձայնությամբ, հնարավորություն ընձեռել ամրակցված եւ շարժական կապերը համատեղող առաջարկներ ներկայացնել:
«Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ ընկերությունը շարունակելու է ապահովել որակ, եւ մոտ ապագայում նոր, հետաքրքիր առաջարկություններ ու ծառայություններ կմատուցի:
Ժելիբտերն ասաց, որ գործարքից հետո էլ ընկերության 500 աշխատակիցները կշարունակեն աշխատել «Օրանժ Արմենիայում», իսկ ինքը՝ Ժելիբտերը օգոստոսի 30-ին մեկնելու է Ֆրանսիա, ընտանիքին խոսք է տվել, որ սեպտեմբերին այնտեղ կլինի:
Հարցին՝ կարելի՞ է ասել որ «Օրանժ Արմենիան» տապալվեց Հայաստանում, եւ ի՞նչ արժե այս գործարքը, Ժելիբտերն ասաց, որ գործարքի գնի մասին տեղեկություն չի կարող տալ, այդ թիվը հրապարակման ենթակա չէ:
Ինչ վերաբերում է ընկերության տապալմանը, ապա գլխավոր տնօրենն ասաց, որ ընկերությունն իր գործունեության ընթացքում կարողացել է նվաճումներ ունենալ. «Սա բիզնեսով պայմանավորված որոշում է եղել, այս որոշումը ֆինանսական որոշում չէ, այլ բիզնես, որը հնարավորություն է ընձեռում ընկերությանը զարգացում ապրել: Այս որոշումը ֆինանսական ինչ-որ փոխհատուցման հետ չէ կապված,այլ ավելի զարգանալու, ավելի լավ ապագա ունենալու հետ է կապված»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ