Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

BBC-ի «Հիշելով հայկական ջարդերը» ֆիլմի ուղերձը (Տեսանյութ) 

Հուլիս 22,2015 14:50

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում հուլիսի 22-ին կայացավ BBC-ի «Հիշելով հայկական ջարդերը» (Remembering the Armenian Massacres) վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց BBC-ի թղթակից, ֆիլմի համահեղինակ Լարա Պետրոսյանի հետ հանդիպումը:

Լրագրողը 18 տարի է աշխատում է BBC-ի պարսկական բաժնում:

Լարայի մեծ պապը այն քչերից է, ում հաջողվել է փրկվել Եղեռնից եւ նոր կյանք սկսել հայրենիքից հեռու: 100 տարի անց Լարան այցելում է իր նախնիների քաղաքը՝ Վան ու փորձում հայկական հետքեր փնտրել: Ձեռքին ընտանեկան խունացած լուսանկարներ են, որոնցում արծաթագործ մեծ պապն է՝ Միհրան Այվազյանը՝ կնոջ Արմենուհու հետ, Վանի հայ արծաթագործների միության անդամները:

BBC1

«Հիշելով հայկական ջարդերը» ֆիլմում երկու հոգու՝ Լարա Պետրոսյանի եւ BBC Turk-ի թղթակից Ռենջին Արսլանի անձնական պատմությամբ ներկայացվում է, թե ինչ է եղել 100 տարի առաջ եւ ինչպիսին է պատկերը այսօր: Վերնագրում չկա ցեղասպանություն բառը, բայց այն արտաբերում են ֆիլմի հերոսները, իրենց պատմություններով, ճակատագրերով փաստում, թե ինչ է եղել: Ֆիլմի հերոսներից մեկն էլ տարակուսանքով հարցնում է՝ ինչ եղան 3000 հայկական եկեղեցիներն ու դպրոցները: Թուրք լրագրող Ռենջին Արսլանն էլ իր յուրատեսակ ուսումնասիրությունն է անցկացնում. թուրք պատմաբանները չեն կարծում, թե ցեղասպանություն է իրականացվել:

Ֆիլմում անդրադարձ կա նաեւ Թուրքիայում ապրող ծպտյալ հայերին, նրանք վախենում են խոսել իրենց ինքնության վերաբերյալ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Լարան Մուշում հանդիպում է իսլամացած հայի, որ բարձրաձայնում է իր արմատների մասին:

Լարա Պետրոսյանը նշեց, որ BBC-ն միշտ ցանկացել է խնդրի վերաբերյալ ֆիլմ պատրաստել, մանավանդ հայկական թեմայով վերջին ֆիլմը 15 տարի առաջ է նկարվել:

BBC3

«Հիշելով հայկական ջարդերը» զուգադիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: «Ուզում էինք ցույց տալ, թե հարյուր տարի անց ինչ ենք տեսնում: Իմ մեծ մամեն եւ մեծ պապեն Վան քաղաքում էին ապրում, 1915 թվականին Վանից փախել են, գնացել են Երեւան, երկու տարի անց էլ Պարսկաստան: Ես ուզում էի անձամբ գնալ եւ տեսնել արդյոք հայկական հետք կա: Իմ մամիս մեծ պապեն արծաթագործ է եղել, արդյոք հետքը մնացե՞լ է, մանավանդ մինչեւ 1915 թվականը արծաթագործների մեծ խումբ կար Վանում»,-ասում է հայազգի լրագրողը:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը BBC-ի ֆիլմում կարծիք է հայտնում, որ թուրքական այս կառավարության օրոք ազատությունների սահմաններն ընդարձակվել են՝ խոսքի, հավատքի: Նրա ձեւակերպմամբ, Ստամբուլում եւ մյուս զարգացած քաղաքներում որեւէ մեկը չի վախենում խոսել իր ինքնության մասին, բայց այլ է պատկերը գավառներում: «Գավառին մեջ վախ ունին մարդիկը, որ հայտատարին՝ ես քրիստոնյա եմ»,-ասում է նա:

Ֆիլմի ուղերձն այն է, որ ինչպես հանգիստ եւ լայնախոհ շփվում են հայ եւ թուրք լրագրողները, այդպես էլ կարող են հաղորդակցվել երկու ժողովուրդները՝ փորձելով համատեղ հարթել անցյալի կնճիռները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031