«Զեկույցի ձեւաչափը բավականին հետաքրքրական է»,- հուլիսի 22-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Օրինավորության ազգային համակարգի ուսումնասիրությանը, ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ Մարատ Ատովմյանը:
Նա նկատեց, որ ուսումնասիրությունը տալիս է ԵՄ Արեւելյան գործընկերության համայնապատկերը եւ հնարավորություն է ընձեռնում դրանք համեմատել: Նա հավելեց, որ Հայաստանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության մեկ այլ ուսումնասիրությունում՝ «Կոռուպցիայի ընկալման համաթիվը», 174 երկրների շարքում 94-րդ տեղն է զբաղեցնում. «Ուսումնասիրությունում նշվում է, որ Հայաստանի համար հիմնախնդիր է օլիգարխների առկայությունը, եւ ստվերային տնտեսության առկայությունը բավականին բարձր տոկոս է կազմում մեր երկրում, ինչպես նաեւ հովանավորչության հետ կապված խնդիրները: Նաեւ որոշ վիճակագրական տվյալներ են ներկայացվում, որ Հայաստանի ազգաբնակչության 82 տոկոսը հավատում է, որ հանրային հատվածում կոռուպցիան շատ լուրջ հիմնախնդիր է Հայաստանի համար, եւ միայն 21 տոկոսն է հավատում, որ կառավարությունը հակակոռուպցիոն լուրջ ջանքեր է գործադրում: Սա, ինձ թվում է, որ բավականին ցածր տոկոս է»:
Մարատ Ատովմյանը հավելեց, որ զեկույցում նշվում է, որ այդքան էլ թափանցիկ չեն գործում քաղաքական եւ բիզնես դաշտերը, եւ փոխկապակցվածություն կա քաղաքականության եւ բիզնեսի միջեւ. «Դատաիրավական իշխանության հետ կապված նշվում են որոշ խնդիրներ, որ համարվում է՝ ազգաբնակչության 70 տոկոսը համարում է, որ դատական իշխանությունը կախված է իշխանությունից, այնքան էլ անկախ չէ: Եվ նաեւ որոշ խնդիրներ են նշվում քաղաքացիական հասարակության հետ՝ համարվում է, որ հարկային դաշտը բարենպաստ չէ քաղաքացիական հասարակության զարգացման համար, եւ որ եղել են որոշ դեպքեր, երբ ակտիվիստների վրա հասարակական ճնշումներ են գործադրվել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ