Այսօր «Հայելի» ակումբում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծով ազգային անվտանգությանը սպառնացող դրույթներ կան. «Ո՞վ է բանակի գլխավոր գերագույն հրամանատարը՝ ՊՆ նախարարը, իսկ պատերազմական իրավիճակում՝ վարչապետը: Պաշտպանության նախարարը բանակի հերն անիծել է, պատերազմը սկսեց, վարչապետին նշանակեցին գլխավոր գերագույն հրամանատար: Պատերազմի պարտության պարագայում ո՞վ է մեղավոր: Վարչապետին ասում են՝ դու տունդ նստիր, գործ չունես բանակի հետ, հանկարծ պատերազմի ժամանակ դառնում է բանակի գլխավոր գերագույն հրամանատար: Գալիս տեսնում է բանակում զինվորները հագուստ չունեն, շոր չունեն եւ այլն, ի՞նչ անի այդ խեղճ վարչապետը»:
Դիտարկմանը, որ նախարարին վարչապետն է նշանակում եւ այսպես թե այնպես վատ նախարարի համար էլ վարչապետն է պատասխանատու՝ Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Ասենք, վարչապետը պատերազմից մի 3 ամիս առաջ փոխվել է, հետո՞: Մենք պատերազմի շեմին կանգնած պետություն ենք, հենց ընդդիմությունը փողոց է դուրս գալիս, ասում են՝ ո՞նց եք տենց բաներ անում: Բա դուք հիմա ո՞նց եք սենց բաներ անում, երկիրը զրկում եք գերագույն գլխավոր հրամանատարից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ