Այսօր «Հայելի» ակումբում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հրապարակված դրույթներին:
Նա ասաց, որ ԱԺ-ն միակ ներկայացուցչական մարմինն է: ԱԺ նախագահը ներկայացնում է ժողովրդին, եւ ըստ էության, ստացվում է, որ հանդիսանում է պետության գլուխը. «Ես ուրիշ կերպ չեմ կարողանում հասկանալ: ՀՀ նախագահը միավորում է ազգային միասնությունը: Նախագահը դարձված է խեղկատակ, որեւէ լիազորություն չունի, իսկ վերջում գրված է խայտառակություն՝ ՀՀ նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները, բացառությամբ մի քանի հոդվածների, ուժի մեջ են մտնում միայն վարչապետի կամ առաջարկությունը ներկայացրած նախարարի միայն կրկնաստորագրության դեպքում: Այսինքն, խեղճ նախագահ, որպեսզի գնա արտասահման, պետք է Հրանուշ Հակոբյանը անպայման վիզա դնի, թե չէ չի կարող գնալ: Եթե նախագահը մենակ մեդալներ պիտի տար՝ ունենք Ջեմմա Հակոբյան նախագահի աշխատակազմում, որ 20 տարուց ավելի է՝ մենակ մեդալներ է տալիս: Հենա Ջեմմա Հակոբյանին նշանակեք նախագահ: Խեղճ նախագահը, որը պետության գլուխն է, ավելի ցածր կարգավիճակ ունի, քան ցանկացած նախարար: Որպեսզի սանհանգույցից օգտվես, պիտի կոմունալի պետը թույլտվություն տա, այդ նախագահին խի՞ եք նշանակում: Ընտրիչներ եք բերում, ո՞ւմ եք բերում: Խեղճ նախագահը ուղերձով կարող է դիմել միայն ԱԺ-ին, եթե ընտրիչներ եք բերում, գոնե ասեք, որ ուղերձով կարող է դիմել նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին»:
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին, Գառնիկ Իսագուլյանի մեկնաբանությամբ ընտրվում է ամբողջ ժամկետի համար. «Խեղճ մարդուն իրավունք էլ չեն տվել հիվանդանալու կամ մեռնելու»:
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ նախագահին խնդրանք ունի, որ լսի ոչ թե քծնողներին, այլ իրական, ճիշտ իրավաբաններին, որը նրան կասի, որ այս նախագիծը ոտքից գլուխ խեղկատակություն է:
Կարդացեք նաև
Իսկ այն, որ քաղաքական ուժերը ԱԺ ընտրություններից առաջ ներկայացնում են իրեց ապագա վարչապետի թեկնածուին, ըստ Գառնիկ Իսագուլյանի, ոչինչ չի նշանակում: Այդ թիմի ներկայացված վարչապետը կարող է մեկ ամիս անց հրաժարական տալ. «Կարող են մեկին ձեւականորեն դնեն, ներկայացնեն մեկին, մի ամիս հետո այդ մարդն իրավունք ունի հրաժարական տա կամ մեռավ, մարդ է, այդ մարդիկ իրավունք չունեն մեռնելու, ուրեմն պետք է մի քանի վարչապետի ներկայացնեն, որ եթե սա չեղավ՝ սա է լինելու, հա՞: Այս նախագիծը ծայրից ծայր խեղկատակություն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ