«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Կողմերը պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել Հայաստանում կայուն եւ տնտեսապես արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Հուշագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:
«IDeA հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթեւի վերածնունդ» եւ Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերն առաջին հերթին ուղղված են այդ տարածաշրջաններում համայնքային ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Մենք ուրախ ենք, որ զարգացմանն ուղղված ծրագրերում կունենանք այնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին ՎԶԵԲ-ն է: Համոզված ենք, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաեւ ընդլայնել գործակցության շրջանակները՝ ընդգրկելով նաեւ այլ ոլորտներ»,-նշեց Էդգար Մանուկյանը:
ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրենը նույնպես կարեւորեց փաստաթղթի ստորագրումը: «Մենք ակնկալում ենք շարունակել եւ խորացնել գործարար միջավայրի եւ տարածաշրջանների տնտեսական զարգացմանն ուղղված մեր փոխգործակցությունը: ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանում հուսալի եւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը», -ասաց նա:
Կարդացեք նաև
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին