Լրահոս
Օրվա լրահոսը

Միրգը դանդաղ ծամեք, շատ ծիրան կերեք, կոմպոտով, ֆրեշով ու գարեջրով ծարավը մի հագեցրեք. Դիետոլոգի խորհուրդները

Հուլիս 22,2015 12:50

«Դրական հատկություններ ունեն հատապտուղներն ու մրգերը՝ դրանք միզամուղ են: Մարդիկ երեկոյան չեն ունենում այտուցված ոտքեր ու ձեռքեր, թեթեւ են լինում: Միզամուղ հատկություն ունեն բոլոր սննդանյութերը, որոնք կալիումով են հարուստ: Օրինակ, կալիումով ամենահարուստ պտուղներից մեկն է ծիրանը: Այն երկրները, որոնք չունեն ծիրան, կարող են բանանով փոխարինել, այն նույնպես հարուստ է կալիումով, ինչպես նաեւ՝ կարտոֆիլը: Շատ արտահայտված միզամուղ ազդեցություն ունի վարունգը: Այն նույնպես խորհուրդ է տրվում շատ օգտագործել այս օրերին»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի խորհուրդ տվեց ՀՀ ԱՆ ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետ, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Այն, որ միրգն օգտակար է, չի նշանակում, որ կարելի է չարաշահել եւ ամբողջ օրը միրգ ուտել: Դիետոլոգի խոսքերով. «Օրական չի կարելի 500 գր-ից ավելի միրգ օգտագործել: Իր օգտակար հատկության հետ մեկտեղ միրգն ունի մեծ քանակի բնական շաքարներ, որոնք մեծ քանակի օգտագործման դեպքում օրգանիզմը չի կարող օգտագործել: Երբ միրգը մնում է, դառնում է քացախ, հետո՝ սպիրտ: Նույնն օրգանիզմում է կատարվում: Սա չի նշանակում, որ միրգ չպետք է օգտագործել, այն անպայման պետք է լինի, բայց՝ ճիշտ քանակով: Առողջ մարդը 500 գր-ից ավելի պետք է չուտի»:

Միրգն օգտագործել ֆրեշների, կոմպոտների տեսքով, ըստ մասնագետի, նույնպես սխալ է, որովհետեւ թուք արտադրվում է այն ժամանակ, երբ մարդը ծամում է: Կուլ տալու ժամանակ այն չի արտադրվում եւ մարսողության կարեւորագույն օղակներից մեկը բաց ենք թողնում: Մարսողությունը խախտվում է: Դիետոլոգը միրգը խորհուրդ է տալիս ուտել դանդաղ եւ երկար ծամելով:

Ամռանը խորհուրդ է տրվում օգտագործել բնականաբար ջուր: Ովքեր չունեն երիկամի խնդիրներ, ճնշման հետ կապված խնդիր, պետք է շատ ջուր խմեն՝ 50 կգ մարդը պետք է խմի օրական 2.5 լիտր ջուր:

Բանջարեղեն է ցանկալի օգտագործել ամեն սննդի օգտագործման ընթացքում: Վարունգն ու գազարը կարող են լինել՝ որպես թարմացնող միջոցներ. «Շատերն են այս ընթացքում բողոքում այտուցված ոտքերից, նրանց խորհուրդ է տրվում սննդակարգից հանել աղն ընդհանրապես: բանջարեղեն ուտել առանց աղի, թթուները բացառել»:

Շատերը գազավորված գունավոր ըմպելիքներ են օգտագործում ամռանը, որն արգելվում է. «1 բաժակ գունավոր գազով ըմպելիքի մեջ մոտ 8 գդալ շաքար կա թաքնված: Շաքարի ավելորդ պարունակությունը հատկապես ըմպելիքում բերում է սիրտանոթային խնդիրների կտրուկ բարձրացման, հորմոնալ խնդիրների, ատամի կարիեսի, շաքարային դիաբետի եւ այլն»:

Ի՞նչ անել, որ հայերը այսպես ասած «խորովածային» վիճակներից գոնե ամռանը դուրս գան՝ դիետոլոգը պատասխանեց, որ մարդկանց 40 տոկոսը աղքատ է, հաց ու պանիր է ուտում ու քնում. «Երջանիկ կլինեինք, որ մարդիկ օրական գոնե 100 գրամ միս ուտեին: Խորովածը մեր կյանքի երեւացող մասն է: Մսի յուղոտությունն այդքան չի վնասում մարդկանց, որքան շաքարը: Խորովածը ցանկալի է, որ լինի անյուղ մսից: Բայց տեսանելիորեն էլ անյուղ միսը յուղոտ է: Երկրորդ խնդիրը անվտանգությունն է: Միսը արագ խորովելով՝ չի հասցվում եփվի մինչեւ վերջ, կա վարակվելու խնդիր: Հաջորդ խնդիրն այն է, որ խորովածի յուղը երբ թափվում է կրակի վրա, յուղը դարձնում է կանցերոգեն, որոնք ցնդելով եւ բարձրանալով մսի վրա, միսն է դառնում կանցերոգեն»:

Պաղպաղակն ըստ դիետոլոգի, օգտակար է, բայց պարունակում է ճարպեր: Օրենքով դա պետք է լինի կենդանական ճարպ՝ կաթի յուղ, իսկ մնացած յուղերը՝ տրանսճարպաթթուները վտանգավոր են: Դիետոլոգը զգուշացրեց. «Պաղպաղակ պատրաստեք տանը եւ ոչ մի դեպքում մի գնեք բակերում տեղադրված լցնովի պաղպաղակներից»:

Ինչ վերաբերում է գարեջրով ծարավը հագեցնելուն՝ դիետորոլգն ասաց, որ այն պետք է օգտագործել սահմանափակ. «70 կգ-անոց տղամարդը կարող է 1 բաժակ օղի խմել 24 ժամվա ընթացքում, 350 մլ գարեջուր: Մարդ կա, ասում է՝ մեկ շաբաթ չեմ խմել, կարո՞ղ եմ մի օրում 7 օրվա տեղը խմել: Չի կարող մարսել»:

Գարեջրի եւ գինու մեջ օգտակար նյութեր կան, բայց կանացի հորմոնների ակտիվությանն է նպաստում տղամարդկանց մոտ մեծացած կրծքագեղձերի է բերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031