Այսօր Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Հայելի» ակումբ եկավ Սահմանադրության նախագծի հրապարակված 7 գլուխների տրցակը կամ իր խոսքերով՝ «Մատյան ողբերգությանը» ձեռքին: Նա վստահեցրեց, որ այդ նախագիծն այնպես է խճճել ամեն ինչ, որ դրանից գլուխ չեն հանում անգամ իրավաբանները, մինչդեռ Սահմանադրությունը պետք է այնպես գրված լինի, որ հասկանալի լինի միջին մակարդակի մարդու համար. «Այստեղ հիմարություններ են գրված ծայրից ծայր»,- ասաց նա:
Առաջին անհեթեթությունն, ըստ Իսագուլյանի, այն է, որ նախագծում ընդգծված ուշադրություն կա կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության վրա. «Ինձ համար զարմանալի է՝ 5 տեղ նշվում է կանանց ու տղամարդկանց հավասարության սկզբունքը, վերջում էլ ընենց մի հատ բան են գրել՝ կանանց եւ տղամարդկանց փաստացի հավասարության խթանում: Հանձնաժողովի անդամները գուցե հետագայում սեռափոխման խնդիր ունեն, 5 տեղ ինչի՞ են նույնը գրել: Ամուսնանալիս, ամուսնալուծվելիս հավասար իրավունքներից են օգտվում, ամեն տեղ հավասար են: Տղամարդկանց պիտի համոզենք, որ իրե՞նք էլ երեխա ունենան, փաստացի հավասարությունը ո՞րն , ի՞նչ պիտի անեն»:
Իսագուլյանը նշեց, որ նախագծում ամրագրված է՝ շուկայում մենաշնորհը կամ գերիշխող դիրքի չարաշահումն արգելվում է. «Սամվել Ալեքսանյանը, Ֆլեշը, որոնք մենաշնորհներ ունեն, չարաշահո՞ւմ են, թե՞ չէ, ո՞վ է դա որոշելու, ո՞նց է որոշելու: Այնպես են խեղաթյուրել ամեն ինչ՝ Իտալիայից, Ֆրանսիայից, տարբեր օրենսդրություններից ով ինչ իմացել է՝ մտցրել է այս Սահմանադրության մեջ: 2 օր է՝ ուզում եմ հասկանալ, թե ինչ են ուզել ասել այս Սահմանադրությամբ, չեմ կարողացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ