Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Նախկին, այսօրվա ու վաղվա նախագահն իրավունք չունի զիջելու, դիվանագիտություն խաղալու կարիք չկա»

Հուլիս 22,2015 12:13

Պատմաբան Գեւորգ Յազիչյանը անիմաստ է համարում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների անցկացումը:

«Չգիտեմ՝ ինչի հարյուրամյակն է, մեր հայկական պատմագիտության մեջ ընդունված է, որ ցեղասպանությունը սկսվել է 1894-ին: Չեմ ընդունում այդ հարյուրամյակը, կենտրոնացրին հարյուրի վրա»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պատմաբանը:

Նա դժգոհեց, որ հարյուրամյակը նշելու համար մեծ գումարներ ծախսվեցին, բայց մինչեւն հիմա հստակեցված չէ, որ վայրերում են կոնկրետ իրագործվել կոտորածները. «Ասում են Արեւմտյան Հայաստան, Օսմանյան կայսրություն, բայց պետք է ասեն, որ որտեղ մտել է թուրքական սապոգը, այնտեղ կոտորել են հայերին անխնա… Մինչեւ հիմա չկա պայքարի հստակ, գիտական հիմքի վրա կազմված համազգային հստակ ծրագիր, ոչ թե այն, որը ներկայացվեց որպես հռչակագիր: Որովհետեւ այդ հռչակագիրը խոցելի շատ կետեր ունի»:

Պատմաբանին զայրացնում է ՝ Հայաստանում ավելի շատ զբաղված են կոտորածները ներկայացնելով աշխարհին, մինչդեռ սերունդներին պետք է բացատրեին այդ իրադարձությունների խորհուրդը. «Կենտրոնացել ենք թվերի վրա, այսքան ժառանգություն, ֆինանսական այսքան միջոցներ կորցրինք, բայց չեմ տեսնում որեւէ մեկը բարձրաձայնի հայրենիքի ժամանակավոր կորստի, այն վերստին ձեռք բերելու մասին: Այս հարցը կարծես թե արգելված է: Դավադրության տեսության հավատացող եմ, կարծում եմ՝ ամերիկյան, արտասահմանյան ուժերը աշխատում են հայկական միջավայրում իրենց դրածոների միջոցով՝ փորձելով մեզ մոռացնել տալ մեր հայրենիքի կորստի մասին, մեր հայրենիքի գրավված լինելու փաստի մասին»:

Նա քննադատեց բոլոր այն հայ պաշտոնյաներին, որոնք բարձրաձայնում են, թե Թուրքիայից հողային պահանջներ չունենք. «Որեւէ մեկը նախկին նախագահ՝ վաղվա ու այսօրվա, իրավունք չունի զիջելու կամ գործարքներ իրագործելու այդ սրբության՝ հայրենիքի հետ: Իրենք իրենց սեփականությունն այդքան հեշտ կզիջե՞ն, թող զգույշ լինեն: Մենք պահանջներ ունենք Թուրքիայից ու շատ կոնկրետ, դրա մեջ են մտնում նաեւ հողային պահանջները, դիվանագիտություն խաղալու կարիք չկա: Օբամաների՞ն ու Պուտինների՞ն եք խաբում, իրենք մեզնից լավ գիտեն մեր վիճակը, տրամադրությունները»:

Նա նկատեց, որ վերջին շրջանում հայերը թուրքերին ներկայացրած հողային պահանջները փոխարինում են փողային պահանջների. «Ներկայացվում է մի բանաձեւ՝ հողի դիմաց փող: Սահմանադրական դատարան ներկայացրած Սիսի կաթողիկոսարանի հայցում պահանջում են կամ Սիսի կաթողիկոսարանի հողերը կամ 100 Միլիոն թուրքական լիրայի հատուցում: Այս հարցում մեծ տարակարծություններ առաջացան Արամ կաթողիկոսի ու դաշնակցականների միջեւ: Չի կարելի հողը ներկայացնել փողային տեսքով:

Կաթողիկոսարանից հիմնավորում են՝ իբրեւ թե իրավական ձեւակերպում է: Այ թող փողային հատուցում պահանջեն Գերմանիայից: Գերմանական արխիվներն են փաստում, որ գերմանացի սպաները մասնակցել են հայոց ցեղասպանությանը: Ինչո՞ւ մեր պետությունը Գերմանիայից հատուցում չի պահանջում իրենց նախնիների կատարած սրիկայության համար: Կարծում եմ իրավական փաթեթ կարելի է ներկայացնել: Մեր ամեն քայլերը տանում են Թուրքիայի հետ հաշտեցման, միայն թե Թուրքիան ներողություն խնդրի, Հայաստանն էլ պատրաստ է ներել, Թուրքիայից ստանան փողային հատուցում ու վերջ, եկեք իրար հետ խաղաղ ապրենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031