Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Ի՞նչ կկատարվի, եթե հանկարծ ադրբեջանցիների ենթակայության տակ անցնեն Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը». «Հայոց աշխարհ»

Հուլիս 22,2015 11:23

Հարցազրույց ԼՂՀ նախագահի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

 -Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուորլիքի վերջին հայտարարությունները։ 

-Մինսկի գործընթացի փիլիսոփայությունն այն է, որ իրոք, ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ: Այս սկզբունքը հենց սկզբից դրվել է հակամարտության կարգավորման հիմքում: Սա նշանակում է, որ կարող են լինել տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ, առաջարկներ, բայց որեւէ մեկը չի լինի վերջնական, քանի դեռ հակամարտության բոլոր կողմերն այն ամբողջությամբ ու պաշտոնապես չեն ընդունել:

Մինչ օրս ունենք միայն մեկ կարեւոր փաստաթուղթ, որն ընդունել ու ստորագրել են կողմերը. դա հրադադարի մասին պայմանագիրն է: Ճիշտ է, Ադրբեջանը խախտում է այն` իրականացնելով ապակառուցողական քաղաքականություն, բայց, ընդհանուր առմամբ, այդ պայմանագիրը պահպանվում է:

Մենք պետք է շատ հանգիստ վերաբերվենք տարբեր կարծիքներին: Ասել, թե տարածքների հարց չի քննարկվում` ճիշտ չէ, որովհետեւ Ադրբեջանը այն մշտապես առաջ է քաշում: Բայց դա չի նշանակում, թե ինչ ասում է Ադրբեջանը` ընդունելի է:

Մենք բազմիցս ասել ենք` պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած խնդիր, բայց նաեւ ազնիվ ենք եղել ու հստակ շեշտադրել` մեզ համար չկա վերադարձ անցյալին, որեւէ մեկը չի կարող հույս ունենալ կամ էլ պատրանքների մեջ ընկնել, թե Արցախի սահմանները կարող են լինել այնպիսին, ինչպիսին ԼՂԻՄ-ի ժամանակ էր` 1988-ին կամ 1991-ին: Այդ կերպ մտածողները լրջորեն կհուսախաբվեն:

Մենք դեմ ենք նման մոտեցումներին, որովհետեւ այդ սահմանների ներքո Արցախը որպես անկախ պետություն չի կարող լինել կենսունակ, իսկ հակառակորդը մշտապես կունենա գայթակղություն՝ մեզ վրա հարձակվելու։

Պետք չէ մոռանալ, որ կա Արցախի անվտանգության հարցը: Բազմիցս եմ ասել, հնարավոր է պատկերացնել, թե ի՞նչ կկատարվի, եթե հանկարծ ադրբեջանցիների ենթակայության տակ անցնի Բերձորը, Տիգրանակերտը կամ Քարվաճառը, որտեղից սկիզբ են առնում ջրառատ մեր գետերը` Արփան, Որոտանը, Թարթառը, Խաչենը: Ադրբեջանցիներն ուղղակի կթունավորեն Հայաստանի ու Արցախի ողջ ջրային պաշարները: Այսինքն՝ սա տարրական անվտանգության խնդիր է, ու մենք նախ պետք է ապահովենք մեր պետության անվտանգությունը եւ թույլ չտանք, որ թշնամին հանկարծ պատերազմ վերսկսելու գայթակղություն ունենա, ինչը ողջ տարածաշրջանի համար պայթյուն կլինի:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031