ՀԱԿ-ն ու մի քանի այլ ուժերի ներկայացուցիչներ, համոզված են, որ ներկայացված նախագիծը միայն մի բանի համար է՝ վերարտադրության:
Այս «վերարտադրվել» բառն արդեն ինչ-որ շամանական հմայախոսության կարգավիճակ է ստացել այդօրինակ հայտարարություններում:
Դիտարկենք այսպիսի տարբերակ. սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեով չի անցնում: Ի՞նչ է լինելու այդ դեպքում: Ոչինչ էլ չի լինելու, այսինքն՝ երկրի կառավարման մոդելը, ԱԺ ձեւավորման համամասնությունները, ընտրակարգը եւ այլն, նույնն են մնալու, ինչ որ կան: Բարի:
Այդ դեպքում 2017 թվականի ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը, ենթադրենք, մեծամասնություն է ստանում: Հասկանալի է, նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել դրանից մեկ տարի անց տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Էլի ենթադրենք, թե որեւէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ էլ հաղթում է 2018թ. նախագահական ընտրություններում:
Կարդացեք նաև
Եվ ի՞նչ: Իսկ ոչինչ, գործող սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ հենց գոյություն ունեցող պետական-քաղաքական կառուցվածքի պայմաններում երկրում իրական իշխանություն ունենա այն ուժը, որը խորհրդարանում մեծամասնություն է: Չմոռանանք, որ գործող կարգը կիսանախագահական հանրապետության տարբերակն է:
Կամ, ենթադրենք, 2018-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրում է այլ գործչի թեկնածություն, որը հաղթում է: Հետաքրքիր է, ՀՀԿ թեկնածուն իրեն առաջադրած եւ պաշտպանած կուսակցությունից առանձնանալո՞ւ է դրանից հետո:
Ասել կուզի՝ եթե իշխանությունների միակ նպատակը վերարտադրվելը լիներ, ապա գործող սահմանադրությունը իրենց լիովին տալիս է այդ հնարավորությունը: Լիովին: Ու, այսպես ասենք՝ հանգիստ կվերարտադրվեին, էլ ինչո՞ւ էին անցավ գլուխները ցավի տակ դնում:
Լավ, ասենք, իշխանություններն ուզում են վերարտադրվել: Իսկ ի՞նչ են ուզում, ինչի՞ են ձգտում շարունակ իշխանությունների վերարտադրությունից խոսող գործիչները եւ ուժերը: Իրենք գոնե ձգտո՞ւմ են, այսպես ասենք՝ «արտադրվել», այսինքն՝ գալ իշխանության:
Ինչ-որ չի նկատվում, որ նման ձգտումներ ունենան: Համենայն դեպս, երբ նրանք խոսում են բացառապես իշխանությունների վերարտադրության մասին, նշանակում է, որ առնվազն իրենց «հոգու խորքում» արդեն իսկ ընդունում են, որ հաջորդ ընտրություններում իրենք միայն կարող են ձախողվել, այնքան քվե չեն ստանա, այն աստիճան կազմակերպված ու համախմբված չեն լինի, որ իրենք դառնան մեծամասնություն, այսինքն՝ գան իշխանության:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում