«Նաիրիտ»-ի նկատմամբ բարբարոսաբար ենք վերաբերվել` չգիտակցելով, որ այն տնտեսության համար կարող էր լոկոմոտիվ դառնալ,-ափսոսանքը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանինն է. «Խոսում էինք այդ մասին, սակայն մեր ներքին բջիջներով դա չէինք կարեւորում: Արդյունքում «Նաիրիտ»-ի նկատմամբ ինչ էքսպերիմենտ ասես, որ չարվեց: Ով ինչ, թող ներվի այս խոսքս, տնտեսական «քյալագոզություն» ում մտքով անցավ, արվեց»:
75-ամյա «Նաիրիտ» գործարանը 2010թ.-ից այլեւս չի գործում` կուտակելով հսկայածավալ պարտքեր, այդ թվում` աշխատավարձերի: Մինչ օրս գործարանի վերագործարկման հնարավորություններն անորոշ են: Դեռ անցած տարի խոսվում էր այն որպես մետաղի ջարդոն վաճառելու, սնանկացման տանելու մասին: Սնանկացման մասին խոսվում է նաեւ ՀԲ` մեկ ամիս առաջ անցկացրած աուդիտի եզրակացության մեջ, որտեղ մասնավորապես նշված է, որ գործարանն այլեւս չի կարող շահույթով աշխատել, այն լուրջ բեռ է կառավարության համար եւ պետք է լուծարել: Ըստ Խոսրով Հարությունյանի` միանշանական դեղատոմս առաջարկելը անշնորհակալ գործ է. «Նաիրիտն ամբողջությամբ պետք է ազգայնացվի, ամբողջ ծախսերը բյուջեն ամբողջությամբ իր վրա պետք է վերցնի` առանց կաշկանդվելու: Կառավարությունը պետք է հրավիրի լուրջ ինվեստիցիոն ֆոնդ: Կառավարությունը պետք է ասի, որ ոչ մի կոպեկ ես ձեզնից չեմ ուզում, եկեք ներդրում արեք, բերեք շուկայական տեսքի, վաճառեք, ամբողջ շահույթն էլ ձեզ տարեք, բայց թող գործարանը սկսի գործել»:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ «Եթե լինի գործարկման դեպք, դա պետք է լինի հզոր մենեջերների խումբ, որը պետք է ունենա նաեւ քիմիական արդյունաբերության ոլորտում կրթություն, կարողանան մշակել այդ ամբողջ լոգիստիկ շղթան, որը քլորոպրենային կաուչուկը կարող է հասցնել եվրոպական երկրներին»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ