77-ամյա Իգոր Սարգիսովը, որը 25 տարի առաջ գաղթել է Բաքվից, ամառ-ձմեռ բնակվում է կոշկակարի 1,5 քառակուսի մետրանոց կրպակում: Այդտեղ տարեց մարդը նաեւ կոշիկ է կարում ու վերանորոգում, որպեսզի 18 հազար դրամ թոշակի հետ մեկտեղ մի կերպ յոլա գնա: Սակայն քանի որ Իգոր Սարգիսովը կոշկակարի համար անհրաժեշտ գործիքներ չունի, պատվերներ ոչ հաճախ է ունենում: Նրան հիմնականում կոշիկի վերանորոգման համար են դիմում: Նրա տուն-կոշկակարանոցը գտնվում է Արտաշատի փողոցներից մեկում, ռեստորանի հարեւանությամբ:
Իգոր Սարգիսովը Արտաշատ է տեղափոխվել Ամասիայից. «Բաքվի փախստական եմ, ապրում էի Ամասիայում, տունս վառվեց, ու հարեւանները տան հողատարածքը 200 դոլարով առան՝ ես մնացի դրսերը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Իգոր Սարգիսովը: Եվ քանի որ ո՛չ գումար է ունեցել, ո՛չ գրանցում՝ մնացել է անտուն:
Հիմա այս փոքրիկ կացարանն էլ իրենը չէ՝ վարձով է բնակվում, ամսական 5000 դրամ վարձ է վճարում: Քնում է կես մետրանոց «թախտին»՝ կուչ եկած:
Կոշկակարանոցում ունի փոքրիկ գազօջախ, որի վրա էլ դրսում երբեմն պատրաստում է կերակուր` կարտոֆիլ, լոլիկով ձվածեղ:
«Գնացեք ասեք՝ մարդը չարչարվում ա, ո՛չ տուն ունի, ո՛չ բան ունի, ո՛չ երեխա ունի, ո՛չ գրանցում, միայն 18 հազար դրամ թոշակ եմ ստանում»,- նշեց Իգոր Սարգիսովը՝ ավելացնելով. «Ես կոշկակար եմ, որ գործ եմ անում, հացի փող եմ աշխատում, գործն էլ հա՛մ կա, հա՛մ չկա: Ամբողջ օրը նստած եմ, որ գործ լինում ա՝ անում եմ, չէ՝ պարապ նստած եմ: Որ չաշխատեմ, կոշիկ չբերեն սարքեմ` սոված կմնամ, ես պետք ա մի բան սարքեմ, որ հացիս փողը լինի»:
Իգորը մեզ հետ զրույցում պատմեց, որ Բաքվում աշխատել է կոշիկի արտադրամասում, հիմա էլ կոշկակարության սարքավորումներ չունի, որ ավելի շատ հաճախորդ ներգրավվի: Այդուհանդերձ, իր գործն անում է սիրով եւ հոգատարությամբ:
Իգոր Սարգիսովը ամուսնացած է եղել, բայց ամուսնությունն էլ է կարճ տեւել, քանի որ իմացել է կնոջ հղի լինելու եւ երեխայից ազատվելու մասին: Նրա խոսքերով՝ կնոջը «տնից դուրս է արել»:
Մեր այցելությունը Արտաշատ կայացավ «People in need» հայաստանյան ներկայացուցչության կազմակերպած Արմավիրի եւ Արարատի մարզեր մեդիատուրի շրջանակներում:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.07.2015