Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում «կայուն խորհրդարանական մեծամասնություն»

Հուլիս 22,2015 13:30

Մեկնաբանում է «Իրավաբանների եւ հոգեբանների
միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը

Շրջանառության մեջ է դրվել ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը՝ 1-7 գլուխներով:
«Առավոտի» զրուցակիցն է «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը: Ըստ նրա` ներկայացված տարբերակը «բավական մշակված է, նուրբ կետեր կան` անցումային դրույթների նման», եւ նկատելի է «առաջընթաց»: «Սակայն այն առաջընթացը, որը ես սպասում էի` կապված պառլամենտական երկիր դառնալու կոչի հետ, մոտեցումս այլ է»,- ասում է նա:

Խ. Մարոզյանը, անդրադառնալով պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության խնդիրներին` խոսեց նախագծի 88 հոդվածի 3-րդ դրույթի մասին, համաձայն որի` «Ազգային ժողովն ընտրվում է համապատասխան ընտրակարգով: Ազգային ժողովի ընտրակարգը պետք է երաշխավորի ԱԺ-ում կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը»:

Ըստ ասոցիացիայի նախագահի` «այս կետով առաջանում են ոչ իրավական ենթատեքստեր», եւ նա հարցնում է՝ ի՞նչ է նշանակում կայուն խորհրդարանական մեծամասնություն բառակապակցությունը:

«Եթե մենք ընտրել ենք, ընտրությունը կատարել է քաղաքացին, եթե մենք քաղաքացուն տվել ենք այդ ձայնը, կասկածի տակ դնելու իրավունք չունենք»:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն. «Եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Չկա ոչ մի խոսք քիչ ձայն հավաքած խորհրդարանական փոքրամասնության մասին: Դրանք ի՞նչ են անելու»:

Խաչիկ Մարոզյանի վերաբերմունքն այս կետի նկատմամբ հետեւյալն է. «Այստեղ արդեն իսկ ժողովրդավարության էությանը դեմ ենք գնում, նորից առաջ է գալու երկրորդ փուլում «կաշառքի եւ մահակի» քաղաքականությունը»:

Դիտարկմանը` գուցե կայուն մեծամասնություն ասելով սահմանադրագետները նկատի են ունեցել ոչ թղթի վրա ձեւակերպվածը, Խ. Մարոզյանը նկատեց. «Կայուն խորհրդարանական մեծամասնությունը դիտարկենք մեր մենթալիտետի համատեքստում: Հայի հոգեբանությունն այնպիսին չէ, որ եթե կոճակ սեղմելով ունի արդեն իսկ առավելություն, նա ուղեղին էլ զոռ չի տալու: Իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոչը հիշո՞ւմ եք ապրիլի 24-ի միջոցառումների նախօրեին` հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա ստեղծելու եւ այս կետերի վերացման մասին»:

Երկրորդ փուլի երկու առավելագույն ձայներ հավաքած կուսակցությունների միջեւ ձայների բաշխման հետ կապված` նա շարունակեց. «Ես Ղարաբաղյան պատերազմ անցած նախագահին կոչ եմ անում ուղղակի քայլ անել առաջ: Մենք Սահմանադրությամբ պետք է ստիպենք, որ այս երկրորդ փուլը չլինի: Ինչքան ձայներ հավաքել են, դրանով բավարարվեն, որպեսզի առաջ գա քաղաքական համաձայնություն՝ կոնսենսուսի պայմաններում: Մեր կառավարողի հոգեբանությունը պիտի աշխատի: Իսկ այս տողերը չեն աշխատելու»:

Վենետիկի հանձնաժողովի նկատելու խնդիրը չէ, որովհետեւ ըստ զրուցակցիս` «Հանձնաժողովն այնքան էլ սրտացավ չպիտի վերաբերվեր եւ ուշադրություն դարձներ հայ մենթալիտետին, թե ինչպիսի կառավարողներ մենք այսօր ունենք»:
Խ. Մարոզյանը կարծում է, որ ոչ թե հեղափոխությունների անուն պիտի տանք, այլ քաղաքացիական հասարակության ներգործությամբ պետք է ստիպենք պառլամենտին աշխատել. «Ինչքան քաղաքացին ձայն է տվել, ընդունենք ելակետային, փոփոխության ոչ ենթակա»:

Նախագծում, զրուցակցիս դիտարկմամբ, հստակ չի երեւում նաեւ արտաքին քաղաքականության պատասխանատուն: Գործող Սահմանադրության մեջ հանրապետության նախագահն էր, իսկ առաջարկվող տարբերակում «երերում է: Ո՞վ է պատասխանատուն: Բաց է մնացել»:

Ըստ նրա` բանավեճի արդյունքում պարզ կլինի` սա առաջընթա՞ց է, թե՞ հետընթաց:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031