Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտության իր պարտեզում բացված Անմահական Վարդը բերեց Մեծն Երաժշտության պատվանդանին

Հուլիս 22,2015 13:00

Նվիրվում է Արամ Ղարաբեկյանի ծննդյան 60-ամյակին

Սքանչելի մի մոլորակ էր հայ արտիստական երկնակամարում, սքանչելի, անավարտ մնացած մի երգ… Հրավառ արտիստ էր, որի նրբագեղ հնչյուններից հյուսած աշխարհը մնաց անկրկնելի, տեղը՝ անփոխարինելի…

Ծանոթացանք Բոստոնում, 1986-ին: «ՍիմֆոՆովա» ճանաչված կամերային նվագախմբի ղեկավարն էր: Բարետես արտաքինով, խելացի հայացքով, դատողությունների սուր, ուրույն ոճով միանգամից տպավորվեց մեջս: Հաջորդ հանդիպումն արդեն Հայաստանում էր՝ Երկրում Ավետյաց իր երազանքի, որը բերեց նրան այստեղ 90-ականների կեսերին:

Հայաստանյան ծանրաքարշ այն օրերին նման արվեստագետի մեր մեջ լինելը շքեղ նվեր էր բոլորիս, մեր մշակույթին, անշուշտ, առաջին հերթին: Այն բոլորովին նոր հնչողություն բերեց մեր մշակութային կյանքին:

Արամ Ղարաբեկյանի հետ Հայաստան եկավ էլեգանտ արտիստի կերպարը, եկան բեմական պահվածքի բարձր կուլտուրան, համերգների կազմակերպման բարձրաճաշակ ոճը, այն ամենը, ինչը պրոֆեսիոնալ հմտության եւ ներշնչված կատարումների հետ մեկտեղ տոնի էր վերածում իր յուրաքանչյուր համերգը: Եվ տոնը սկսվում էր արդեն իր իսկ` դիրիժորի բեմելից:

Դիրիժորն ու նվագախումբը մեկ ամբողջություն դարձած ինչպես էին ոգեշնչվում ու ոգեշնչում…

Խենթի պես նվիրված էր արվեստին, սիրելի գործին, ծառայում էր նրան անմոռաց, քրմի հավատարմությամբ եւ իր բարձր առաքելության գիտակցությամբ:
Մեծ անհատականություն էր, ուրույն աշխարհայացքով, մեկնաբանությունների ընդգծված սեփական շեշտադրումներով, դիրիժորական փայլուն տեխնիկայով, հրաշալի ուսուցիչներից ժառանգած բարձր ավանդույթներով…

Հայաստանի կամերայինն իր օրոք հայ կատարողական արվեստի հնչեղ կոթողներից եղավ՝ իր բաղձալի երազանքն իրականացած: Թե համաշխարհային ճանաչման, թե ստեղծագործական աննախադեպ թռիչքի առումով նվագախմբի ղարաբեկյանական ժամանակաշրջանը, կարելի է ասել, նվագախմբի «ոսկե դարը» եղավ…
Ես տեղափոխվում եմ մտովի Գառնիի եւ Զվարթնոցի տաճարների շրջակայքում կայացած համերգ-ներկայացումներ, հիշում իմ «վերացած» ներկայությունը այնտեղ եւ մեկ անգամ եւս գլուխ խոնարհում Մեծ արտիստի առջեւ Գեղեցիկն ըմբոշխնելու իր պարգեւած հազվագյուտ պահերի համար…

Դժվարին ժամանակներում Արամը եկավ գունավորելու մեր հոգսաշատ, միօրինակ առօրյայից գորշացած հոգիները եւ հաստատելու, որ Ո՛չ միայն Հացիվ…
Մեծագույն դիրիժոր Սերժիու Չելիբիդաշեի հավատարիմ սանը ողջ կյանքում բարձր պահեց Երաժշտության եւ իր՝ Արտիստի պատիվը եւ թույլ չտվեց որեւէ մեկին ոտնահարել այն: Նրբակազմ այդ մարդու մեջ զարմանալի հաստատակամություն կար, ներքին ուժ եւ արժանապատվության զգացում, ինչն ակնհայտորեն տարբերում էր նրան շրջապատից: Իր գոյությունն իսկ կրթում, դաստիարակում, ազնվացնում էր:
Շնորհակալությամբ հիշում եմ մեր համագործակցման բազում պահեր, հիշում իր եւ իր նվագախմբի մեծահոգի մասնակցությունը ուսուցչիս՝ Վաչե Ումր-Շատին նվիրված հուշ-երեկոյին, հիշում նման հոգեշարժ բազում այլ պահեր: Հրաշալի ընկեր էր, անսեթեւեթ, հուսալի, ճշմարիտ եւ պարկեշտ…

Միշտ դեպի նոր հորիզոններն էր ուղղված, եւ ով գիտե, ստեղծագործական ինչպիսի նոր բացահայտումներ կարող էին լինել առջեւում, «անմեկնելի են, սակայն, Աստծո ճանապարհները»…

«Պարտեզի տիրակալը»՝ հին հայկական առասպելում ծեր թագավորն անմահություն է հայցում իր համար, սակայն մահանում է, թեեւ հաջողվում է ծաղկեցնել իր պարտեզի՝ անմահությունը խորհրդանշող վարդենին:

Արամ Ղարաբեկյանը՝ մեկը վերջին ռոմանտիկներից, ապրեց այրվելով, շռայլորեն բաժանելով հոգու գանձերը:

Անզուգական իր տաղանդն անմնացորդ ծառայեցրեց իր ժողովրդին, իր մշակույթին եւ Երաժշտության իր պարտեզում բացված Անմահական Վարդը բերեց Մեծն Երաժշտության պատվանդանին…

ՍՎԵՏԼԱՆԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031