Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփանակերտյան ելույթը առանձնահատուկ է

Հուլիս 22,2015 12:30

Այս կարծիքին է մշտապես արտերկրյա հյուրախաղեր ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը

Ընթացիկ համերգաշրջանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) կեզրափակի սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում կայանալիք համերգով: Այն նվիրված է Արցախի անկախության օրվան: Այս մասին «Առավոտին» հայտնեց նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը:

Տնօրենը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է երկրորդ անգամ մասնակցել Արցախի անկախության օրվան նվիրված համերգին, որն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Տիկին Սիրունյանը մանրամասնեց. «Այդ օրը կհնչի Վերդիի «Ռեքվիեմը», կմասնակցեն Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հովհ. Չեքիջյան), մենակատարներն են Ռուսաստանից Յանա Սաֆոնովան (սոպրանո), Սերբիայից Վիշնյա Ռադոսավը (մեցո սոպրանո), դարձյալ Ռուսաստանից Ալեքսանդր Երնովը (տենոր) եւ Իտալիայից Նիկոլա Իլիվերին (բաս): Մեծակտավ այդ ստեղծագործությունը կղեկավարի ռուս ճանաչված դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Անատոլի Լեւինը: Երաժիշտների ինտերնացիոնալ կազմով «Ռեքվիեմի» կատարումը յուրօրինակ ոգեկոչումն է Եղեռնի զոհերի: Ի դեպ, սա օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայայի նվերն է Արցախի անկախության օրվան»:

DSC_0135
Դիտարկմանը, թե այս համերգաշրջանում, նախորդների համեմատ, Ֆիլհարմոնիկի երեւանյան համերգները սակավ էին, փոխարենը առատ էին հյուրախաղերով, մեր զրուցակիցը համակարծիք լինելով` հիշեցրեց, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ընթանում են լուսային ու ձայնային բարձրակարգ տեխնիկայի տեղադրման աշխատանքները, կատարվում է մասնակի վերանորոգում: Այնուհետեւ անդրադարձ կատարեց ֆիլհարմոնիկի ելույթներին Սկանդինավյան երկրներում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում` առանց մանրամասնելու, եւ տեղեկացրեց, որ նվագախումբը աշնանը կունենա նաեւ եվրոպական շրջագայություններ, եւ, ինչպես նախորդ հյուրախաղերը, սա էլ կանցկացվի «Հիշում եմ եւ պահանջում» խորագրով: Նրա ձեւակերպմամբ՝ մեծաթիվ երաժիշտներից կազմված ֆիլհարմոնիկի արտերկրյա նախկին եւ առաջիկա ելույթների ճանապարհածախսը հոգում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովը: Ռուզան Սիրունյանն ասաց նաեւ, թե մշտապես շեփորվող այն միտքը, որ պետությունը պետք է աջակցի դասական արվեստին, իրենց նվագախմբի դեպքում իրականություն է:

Իմիջիայլոց, Ֆիլհարմոնիկ նվագախմբի հայտագիրը տեղեկացնում է, որ հաջորդ համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 10-ից՝ ավանդական դարձած Երեւանյան միջազգային փառատոնով: Այս առիթով տիկին Սիրունյանը հայտնեց. «Գալիք համերգաշրջանը հոբելյանական է՝ 9-րդը: Առաջին համերգին հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու ճանաչված ջութակահար Վադիմ Ռեպինի բարձրարվեստ կատարումը, իսկ շուրջ 2 ամիս տեւող փառատոնային համերգներին դարձյալ կունենանք արտերկրից հրավիրված եւ ճանաչված երաժիշտներ, իբրեւ մենակատարներ նաեւ ընդգրկված են մեր արվեստագետները»:

Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենը հայտնեց նաեւ, որ մինչ համերգաշրջանի մեկնարկը, նվագախումբը օգոստոսի 6-9-ը կմասնակցի Բեյրութում ավանդաբար անցկացվող Beiteddine փառատոնին. «Փառատոնային համերգները նույնպես նվիրվում են Եղեռնի զոհերի հիշատակին: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կհնչեցնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Այդ երեկոյին կմասնակցեն նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան) եւ մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո) եւ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բաս): Բրամսի կոնցերտի մեկնաբանմամբ էլ հանդես կգա ճանաչված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կազարնովսկայան լավ նվեր չի մատուցում` Արցախի անկախությանը նվիրելով սգո ռեքվիեմ: Լավ կլիներ, այդ օրը հնչեր Շուշիի փառապանծ հաղթանակին նվիրված մոնումենտալ կանտատը, որի պրեմիերան, տարիներ առաջ իրականացրել են այդ նույն կոլեկտիվները` Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ… Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031