Լրահոս
Օրվա լրահոսը

«Բրեժնեւյան վարկածը»

Հուլիս 22,2015 12:00

Առայժմ սահմանադրական փոփոխությունների
քննադատության մեջ լրջություն չի նկատվում

ԵՎ այսպես, սահմանադրական բարեփոխումների քննադատության հիմնական «թրենդը» հետեւյալն է. այդ փոփոխությունների միջոցով Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է ստանում, Սերժ Սարգսյանը մնում է կուսակցության ղեկավար, տեղափոխվում է Մելիք-Ադամյան փողոց եւ այնտեղից ղեկավարում երկիրը։ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի նման։

Քանի որ այդ ֆանտաստիկ սցենարը հնչեցնողները միանգամայն մեղսունակ մարդիկ են, եւ նրանցից շատերը նաեւ հարգարժան քաղաքական դեմքեր են, կարող եմ ենթադրել երկու բան. ա/ նրանք զլանում են կարդալ եւ քննարկել նախագիծը, բ/ նրանք գտնում են, որ այսպիսի քարոզչությամբ նպաստելու են ընդդիմադիր զանգվածների համախմբմանը եւ հետագա հեղափոխությանը։ Հնարավոր է, իհարկե, երկուսը միասին։

Այսպիսով կրկնվում են սխալները, որոնք ընդդիմությունն արել է վերջին երկու տասնամյակների ընթացքում։ Նախ՝ ընտրություններից մեկուկես տարի առաջ հայտարարվում է, որ այդ ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն։ Արդեն գրել եմ, թե ինչպիսի բացասական հոգեբանական ազդեցություն է ունենում դա ընդդիմադիր ընտրազանգվածի վրա։ Այսինքն՝ ՀՀԿ-ն էլ է հայտարարում, որ հաղթելու է, մնացածներն էլ։ Ավելի լավ ջուր իշխանության ջրաղացին էլ ո՞վ կարող է լցնել։

Բայց այդ մոտեցման հիմքում ընկած է եւս մի սխալ, մեղմ ասած, կանխադրույթ, ըստ որի՝ 2015 թվականի Հայաստանի քաղաքական համակարգը ինչ-որ բանով նման է, ասենք, 1975 թվականի Խորհրդային Միության համակարգին: Այսինքն՝ 75 թվականին հնարավոր էր ընդդիմադիրների հանրահավաքներ եւ բողոքի երթեր կազմակերպել, 75 թվականի Գերագույն խորհրդում կային ընդդիմադիր պատգամավորներ, որոնք անխնա քննադատում էին կոմունիստներին, 75-ին ընդդիմադիրները հարցազրույցներ էին տալիս օրինական գործող լրատվամիջոցներին եւ պահանջում էին Բրեժնեւի հրաժարականը, 75-ին կար համացանց եւ Ֆեյսբուք, որոնք որեւէ ձեւով չէին գրաքննվում: Կամ՝ այսօր փոքրիկ Հայաստանը կարող է երկաթյա վարագույրով մեկուսանալ ամբողջ աշխարհից եւ «իր էշը քշել»՝ այն դեպքում, երբ հսկայական Ռուսաստանին դա չի հաջողվում:

Այն կանխատեսումը, թե իշխող կուսակցության ղեկավարը, պետական համակարգում որեւէ դիրք չունենալով, կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ գործադիր եւ օրենսդիր իշխանության որոշումների վրա, դարձյալ հաշվի չի առնում ժամանակակից Հայաստանի իրողությունները: Ենթադրենք, «Առավոտ» թերթի սեփականատեր է դառնում մեկ այլ անձ, ում ես վաճառում կամ նվիրում եմ թերթը, իսկ ես մնում եմ, ասենք, «պատվավոր նախագահ» կամ «պատվավոր հիմնադիր»: Այս անձը, որը կունենա իրական լծակներ, առաջին երկու ամիսը գուցե իր ակնածանքը հայտնի իմ հանդեպ, կարող է նույնիսկ երբեմն խորհուրդ էլ հարցնել: Սակայն հետագայում, եթե ես փորձեմ ուղղորդել թերթի աշխատանքը, նա ինձ կուղարկի շատ հեռու, որովհետեւ հենց նա՛ է ամեն ինչի համար պատասխան տալիս: (Մոտավորապես նույն բանն է տեղի ունեցել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ, հավանաբար, այդ վիճակից է, որ նա սկսել է նեղվել եւ ընդդիմադիր կեցվածք դրսեւորել): Եթե ես ցանկանամ «Առավոտ» թերթում մշտապես լծակներ ունենալ, ես ինձ պետք է հայտարարեմ ցմահ սեփականատեր եւ խմբագիր՝ այնպես, ինչպես որ դա անում են Ադրբեջանի, Միջին Ասիայի, Լատինական Ամերիկայի եւ աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարները:

Վերջապես, նշեմ ընդդիմադիրների կամ գուցե նաեւ մեր հասարակության մեծ մասի գլխավոր մեթոդոլոգիական սխալը՝ մենք չափից դուրս կենտրոնանում ենք անձերի, հատկապես առաջին դեմքերի վրա՝ ինչ են արել կամ ինչ են անելու ներկա կամ նախկին նախագահները, ով էր նրանցից ավելի լավը եւ այլն: Դրանք երկրորդական եւ իրավիճակը փակուղի մտցնող հարցեր են: Քաղաքական ուժերը պետք է, կարծում եմ, կենտրոնանան նրա վրա, թե ինչ են անում եւ ինչ են անելու իրե՛նք:

Ասվածը չի նշանակում, սակայն, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը լավն է: Ճիշտ հակառակը: Պարզապես առաջարկս այն է, որ պետք է գտնել ավելի լուրջ փաստարկներ, քան «բրեժնեւյան համակարգի» մասին անհեթեթ վարկածը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Հարգելի խմբագիր,

    խնդրում եմ գրառումս նախորդի նման չընդունել որպես Ձեր սխալը բռնելու և այդպիսով ինքնահաստատվելու միջոց: Ցանկանում եմ նշել, որ ըստ ընդդիմախոսների, երկիրը Բրեժնևի նման կարող է կառավարել ոչ թե ընդամենը կուսակցության ղեկավարի, այլ Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի դիրքից: Ըստ Ձեզ, ներկայացվող տարբերակից ելնելով, ի՞նչն է խանգարում տասնամյա նախագահությունից հետո էլ նույնքան կամ ավելի ժամանակով վարչապետ դառնալ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ոչ մի: Սերժ Սարգսյանը կարող է ի հեճուկս իր խոստումների դառնալ վարչապետ կամ ԱԺ նախագահ: Կարող է իրեն հռչակել ցմահ նախագահ՝ չփոխելով Սահմադրությունը: Խոսքս այն մասին է, որ Հայաստանում միայն կուսակցության ղեկավարի պաշտոնում հնարավոր չէ երկիր ղեկավարել:

      • Արմեն says:

        Պարզապես չփոխելով ներկա սահմանադրությունը՝ չի կարող անընդմեջ երրորդ անգամ դառնալ նախագահ, իսկ փոփոխությունները հնարավորություն կտան երկար ժամանակով երկրի առաջին դեմք մնալ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031