Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը խոչընդոտեց «Առավոտի» լրագրողի աշխատանքը. հիմնավորեք լուսանկարելու անհրաժեշտությունը

Հուլիս 21,2015 17:18

Այսօր ՀՀ վարչական դատարանում ոստիկանության հայցի քննությունն էր՝ ընդդեմ ակտիվիստ Վարդգես Գասպարիի, որը ապրիլի 4-ին ՀՀ գլխավոր դատախազության առաջ ակցիա էր արել եւ բերման ենթարկվել ոստիկանություն: Նրա դեմ գործ էր հարուցվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով:

Մինչ դատական նիստը սկսեր՝ Aravot.am-ը դիմեց դատավոր Անի Հարությունյանին (լուսանկարում)՝ թույլատրելու հրապարակային եւ բաց այդ դատական նիստի ժամանակ լուսանկարել կամ տեսանկարահանել: Մենք հետաքրքրվեցինք՝ անպայմա՞ն է, որ կողմերից մեկը միջնորդություն ներկայացնի լրագրողի համար՝ կատարելու իր աշխատանքը, որովհետեւ երբ մենք դիմում ենք մի կողմին, մյուս կողմը մտածում է, որ մենք անկախ չենք, մյուս կողմի կողմնակիցն ենք, դա մեր անկախ գործելու իրավունքն է ոտնահարում:

Gaspari_5Դատավորը պատասխանեց, որ վարչական դատավարությունը պահանջում է, որ կողմերից մեկը միջնորդի: Անհարմար իրավիճակում ստիպված խնդրեցինք Գասպարիի պաշտպաններին, որ միջնորդություն ներկայացնեն: Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, որ դատավորը կարող էր ինքը որոշում կայացնել եւ որեւէ կողմին չպարտադրեր մամուլի փաստաբանի դեր ստանձնել: Այնուամենայնիվ, նա միջնորդություն ներկայացրեց:

Դատավորը դիմեց կողմերին: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ չի առարկում տեսանկարահանմանը կամ լուսանկարմանը, քանի որ պաշտպանական ճառն են լսելու, եթե դատավարական այլ փուլ լիներ՝ հնարավոր է առարկեր:

Տեսնելով, որ կողմերը չեն առարկում՝ դատավորն ինքը խոչընդոտեց մեր աշխատանքին՝ հայտարարելով, որ առաջնորդվում է Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով: Ըստ դատավորի, դատական նիստերը ձայնագրվում են, նիստերի ամբողջ ընթացքը հրապարակային է, հրապարակայնությունն ապահովելու համար կարող ենք վերցնել այն կրիչի վրա:

Դատավորը հայտարարեց, թե պետք է հիմնավորում ներկայացվի՝ ինչու է ԶԼՄ-ին անհրաժեշտ դատական նիստը անպայման լուսանկարել կամ տեսանկարահանել: Նրա խոսքերով՝ «Դատարանը գտնում է, որ սկզբունքորեն որեւէ հիմք չներկայացվեց, թե ինչու է անհրաժեշտ տեսանկարահանել կամ լուսանկարել դատական նիստի ժամանակ՝ հրապարակայնությունն ապահովելու կապակցությամբ: Ուստի գտնում ենք, որ միջնորդությունն անհիմն է, որոշումն ուժի մեջ է մտնում ներկայացման պահից եւ ենթակա չէ բողոքարկման»:

Տիգրան Եգորյանն առարկեց դատավորի որոշմանը՝ մեջբերելով Սահմանադրությունը: Նա ասաց, որ դատարանը սխալ ելակետերով է առաջնորդվել, եւ իր որոշումը համահունչ չէ ՀՀ Սահմանադրությանը եւ իրավունքների սահմանափակման օրինաչափության սկզբունքներին: Հետեւաբար մենք չպետք է լրացուցիչ հիմնավորում ներկայացնեինք՝ հրապարակային դատական նիստի հրապարակայնությունն ապահովելու համար: Դատավորի սահմանափակումը պետք է լինի պատճառաբանված եւ հիմնավոր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» կողմից եւս մի հիմնավորում ներկայացնենք, թե ինչու էր անհրաժեշտ լուսանկարահանել դատական նիստը. այդ դեպքում ստիպված չէինք լինի դատավորի նկարը սոցիալական ցանցի նրա էջից ներբեռնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031