ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորոսկին չի ցանկանում գնահատականներ տալ Իրանի հետ Հայաստանի ձեռք բերած համաձայնությանը:
Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված արդյունաբերական համաժողովի ժամանակ հարցին, թե այդ համաձայնագիրն ինչպես կանդրադառնա ԵՏՄ-ի վրա, Սերգեյ Սիդորոսկին ասաց, որ ինքը ոչ թե դիտարկում է միայն Իրանին, այլ այն երկրներին, որոնք ցանկություն են հայտնել ԵՏՄ-ի հետ համագործակցել ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, որոնց թվում է նաև Իրանը.
«Այսօր ավելի քան 40 պետություն հայտարարել են այն մասին, որ ցանկություն ունեն աշխատել մեզ հետ ազատ տնտեսական տարածքում, այդ թվում նաև Իրանը… Այդ ուղղությամբ ակտիվ քննարկումներ են գնում չինական, հնդկական գործընկերների հետ»:
Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունում հրավիրվել էր արդյունաբերական համաժողով, որի ժամանակ ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը:
Կարդացեք նաև
Պարոն Սիդորսկու խոսքով, նախորդ ամիս էլ փաստաթուղթ է ստորագրվել վիետնամական կողմի հետ, որը ենթադրում է՝ ԵՏՄ-ի անդամ երկրները, այդ թվում նաև Հայաստանը կարող են ազատ աշխատել. «Այդ իսկ պատճառով մենք քայլ առ քայլ բացում ենք բիզնեսի համար հնարավորություններ ազատ տնտեսական տարածքում համագործակցել այն երկրների հետ, որոնք հայտնել են այդ մասին»:
Հարցին, թե մետաքսի ճանապարհի վերականգնումը որքանո՞վ է համարում իրատեսական, ռուս պաշտոնյան ասաց, որ իրենց երկրների նախագահների հանձնարարությամբ աշխատում են այդ ուղղությամբ. «Մեր կարծիքով՝ այդ նախագիծը շատ հետաքրքիր է ԵՏՄ-ի համար և կարծում ենք առաջիկա հեռանկարում ավելի շոշափելի կլինի»:
Վերջում էլ հավելեց, որ սեպտեմբերին Վլադիվոստոկում կանցկացնեն մեծ բիզնես ֆորում՝ «Մետաքսի ճանապարհ և ԵՏՄ ապագա հեռանկարները» թեմայով: Ըստ նրա ֆորումը կօգնի հասկանալ ոչ միայն նախագծի տրանսպորտային խնդիրները, այլեւ նոր բիզնեսի նոր հնարավորությունները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ