Մեկնաբանություններ 2015թ. հունվար-հունիսի մի շարք մակրոտնտեսական ցուցանիշների նախնական տվյալների վերաբերյալ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված (2015թ. հուլիսի 20-ի դրությամբ) նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն 2015 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 3.8%: Միաժամանակ, հունիս ամսվա ՏԱՑ-ը մայիս ամսվա նկատմամբ կազմել է 15.8%, իսկ հունիսը նախորդ տարվա հունիսի նկատմամբ` 7.9%:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առևտրի շրջանառության, որը կրճատվել է 8.2%-ով` հունվար-մայիսի -8.6% համեմատությամբ (առևտրի շրջանառության մեջ մտնում են մանրածախ և մեծածախ առևտուրը և ավտոմեքենաների առևտուրը): Ծառայությունների աճը կազմել է` 3.3%, գյուղատնտեսության աճը` 14.5% և շինարարության աճը` 0.6%:
Կարդացեք նաև
Առևտրի շրջանառության ցուցանիշի նվազումը հունվար-հունիսին որոշակի դանդաղել է: Թերևս ներքին առևտրի ցուցանիշի նվազումը կարելի է առաջին հերթին պայմանավորել արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալով, որը 2015թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 39.8%-ով: Ընդ որում, նշենք, որ 2015թ. տարեսկզբից գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածներում:
Արդյունաբերության աճը հունվար-հունիսին կազմել է 5.1%, իսկ հունիս ամսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ՝ 8.1%: Տարեսկզբից առաջին անգամ հունվար-հունիսին էլեկտրաէներգիայի արտադրության (մլն. կվտ.ժ) ծավալի 1.5% աճ է գրանցվել: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկների` արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսն առանց էներգետիկայի հունիս ամսին կազմել է 107.8%, իսկ հունվար-հունիսին` 106.2%:
Տարեսկզբից սկսած արդյունաբերության աճը դրական միտում ունի (արդյունաբերության ըստ գործունեության տեսակների 2015թ. հունվար-հունիսի ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կհրապարակվեն հունիսի 31-ին, որի հիման վրա կտրվեն լրացուցիչ մեկնաբանություններ):
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն աճ է գրանցվել և′ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման, և′ մշակող արդյունաբերության ճյուղերում, համապատասխանաբար` 22.1% և 3.4%: Անցկացված մոնիտորինգի տվյալներով մշակող արդյունաբերությունում թողարկման աճ (անվանական աճ) է գրանցվել մի շարք ենթաճյուղերում: Մասնավորապես` սարքաշինության ենթաճյուղում աճի տեմպը կազմել է 140.9%, քիմիայի և դեղագործական արդյունաբերությունում` 116.3%, մետալուրգիայում` 107.6%, սննդի արդյունաբերությունում` 118.6%, թեթև արդյունաբերությունում` 103.3%: Վերը նշված ճյուղերի կողմից թողարկվող արտադրանքի ծավալը կազմում է մոնիթորիգում ընդգրված մշակող արդյունաբերության կազմակերպությունների կողմից արտադրանքի թողարկման 94.2%-ը: Աճ է գրանցվել նաև վերը նշված ճյուղերի արտահանման ծավալների գծով. հաստոցագործիքաշինական` 136.3% փայտամշակում` աճի տեմպը` 126.6%, սննդի արտադրության` 110.7% և քիմիա և դեղագործական` 108.2%:
Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 29.8%-ով, հունվար-մայիսի 32.3% նվազման համեմատությամբ (1)` ցուցաբերելով նվազման տեմպի դանդաղում: Դանդաղել է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման նվազման տեմպը:
(1) 2015թ. հունվար-հունիս ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման: Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի՝ դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ:
Մամուլի հաղորդագրություն