Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Գեւորգյան. «Ոստիկանության օպերատիվությունը տպավորիչ է»

Հուլիս 21,2015 16:31

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանին հուլիսի 19-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից տեղեկացրել են, որ 2014 թվականի փետրվարի 12-ին իր նկատմամբ բռնություն կիրառելու, լրագրողական գործունեությունը խոչընդոտելու, ինչպես նաեւ ոստիկանության կենտրոնական բաժնում ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ տեղեկությունները չեն հիմնավորվել եւ հերքվել են նաեւ ՀՔԾ-ում իրականացված քրեական գործի նախաքննությամբ:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ ոստիկանության ծառայողների կողմից կարգապահական խախտումներ թույլ տալու հանգամանքները եւս չեն հիմնավորվել, ուստի՝ ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետեւանք:

Անի Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ ծառայողական քննությունը տեւել է 1.5 տարի. «Ոստիկանության օպերատիվությունը տպավորիչ է: Լավ է 1.5 տարով ավարտվեց, թե չէ կարող էր տասնամյակներ էլ տեւել: Ոստիկանությունը սիրում է 25 տարի հետո հանցագործություններին անդրադառնալ»:

Լրագրողի խոսքերով՝ բռնություն կիրառելու, լրագրողական գործունեությունը խոչընդոտելու չէր կարող հաստատվել, որովհետեւ ոստիկանությունը չի կարող իր գործողություններում հանցագործություն հայտնաբերել: Անի Գեւորգյանը հավելեց, որ նույն գործով՝ քրեական գործի կարճման մասով, պատրաստվում է հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք՝ 2014 թվականի փետրվարի 12-ին, երբ ՀԱԿ ակտիվիստները Մաշտոցի պողոտայում իրազեկման ակցիա էին իրականացնում, որը խոչընդոտել են ՀՀԿ երիտասարդ անդամները: Միջադեպից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԱԿ ակտիվիստների, այդ թվում նաեւ Անի Գեւորգյանին: Անի Գեւորգյանի խոսքերով՝ ոստիկանության բաժանմունքում ոստիկանության կենտրոնական բաժանմունքի պետ Արտակ Պողոսյանը հարվածել է դեմքին, իսկ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանը իր տեսախցիկից հանել է հիշողության քարտը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031