ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, ով խորհրդարան էր այցելել առաքելության ավարտի կապակցությամբ:
Բարձր գնահատելով Տրայան Հրիսթեայի գործունեությունը Հայաստանում՝ Գալուստ Սահակյանը, նշել է, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ են զարգացել:
ԱԺ նախագահը փաստել է, որ մեր երկրում ԵՄ պատվիրակությունն ակտիվ եւ արդյունավետ գործունեություն է ծավալել տարբեր բնագավառներում: Անդրադառնալով Ազգային ժողովի եւ ԵՄ պատվիրակության համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանների դերը միջպետական հարաբերությունների ընդլայնման գործում:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան փոխգործակցությունը:
Կարդացեք նաև
Պարոն Հրիսթեան հատուկ շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին այս տարվա մարտին Հայաստանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի կազմակերպման եւ պատշաճ անցկացման համար: ԵՄ պատվիրակության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել նաեւ Ազգային ժողովի այն հանձնաժողովներին, որոնց հետ սերտորեն համագործակցել է իր պաշտոնավարման ընթացքում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններին, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին եւ հետագա համագործակցությանը:
ԱԺ հաղորդագրություն