Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ ակտիվիստը պիտի չճեղքեր ոստիկանական շղթան». Արտակ Զեյնալյանը՝ Վրեժ Զատիկյանի մասին

Հուլիս 21,2015 15:22

Այսօր Վարչական դատարանում դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ ոստիկանությունն ընդդեմ ակտիվիստ Վրեժ Զատիկյանի դատական գործի հերթական նիստն էր:

Հիշեցնենք, որ Վրեժ Զատիկյանը ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել 2013-ի սեպտեմբերի 5-ին՝ ՀՀԿ ԳՄ նիստի օրը ՀՀԿ գրասենյակի մոտ բողոքի ակցիա եւ երթ անելու ժամանակ: Ակցիայի մասնակիցներն այդ ժամանակ բողոքում էին Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտնի որոշման դեմ:

Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել Զատիկյանին՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածի հատկանիշներով:

Artak_Zeynalyan-2Վրեժ Զատիկյանի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը դատարանից պահանջեց, որ մերժեն ոստիկանության հայցը եւ ընդունեն իրենց հակընդդեմ պահանջը՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու: Ըստ Արտակ Զեյնալյանի, ոստիկանությունը խախտել է իր վստահորդի մի շարք իրավունքները՝ կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու՝ խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության եւ անձեռնմխելիության:

Այսօր իր եզրափակիչ ճառում Արտակ Զեյնալյանն ասաց, որ դեպքի օրը հավաքի մասնակիցների թիվը չի գերազանցել 100-ը: Տարածքում առկա ոստիկանների թիվը գերազանցել է հավաքի մասնակիցների թիվը: Ոստիկանները, որոնք բերման ենթարկելու պահանջ են ներկայացրել, չեն ներկայացել, չեն հայտնել իրենց պաշտոնը, չեն պարզաբանել Վրեժ Զատիկյանին նրա իրավունքներն ու պարտականությունները:

Ըստ ոստիկանության, ակտիվիստը փորձել է ճեղքել ոստիկանության շղթան, ներկայացել է իբր լրագրող, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին:

Արտակ Զեյնալյանն էլ հարց բարձրացրեց. «Իսկ ինչո՞ւ պիտի լիներ շղթա, ինչո՞ւ էր փակվել այդ ճանապարհն ընդհանրապես, իսկ ինչո՞ւ պիտի շղթան չճեղքեր: Ինչո՞ւ պիտի քաղաքացին իրավունք չունենար երթով անցնել այդ հատվածով»:

Պարոն Զեյնալյանն ընդգծեց, որ Վրեժ Զատիկյանի վարչական տույժը 40-45 հազար դրամ է, հիմա դարձել է 55 հազար դրամ. «Ինչո՞ւ նախազգուշացում չի պահանջել ոստիկանությունը: Տվյալ դեպքում խաղաղ հավաքների ազատության իրավունքն է իրացվել: Պետությունը պարտավոր է պատասխանել՝ արդյոք այն պատասխանատվությունը, որին ենթարկվում է անձը, համաչա՞փ է»:

Ըստ Զատիկյանի պաշտպանի, ազատությունից զրկելու ռեժիմի մեջ բացակայում են վարչական կարգով ազատությունից զրկելու հիմքերը. «Մեր վստահորդին ազատությունից զրկելով՝ ոստիկանությունը ոչ թե հետապնդել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակ, այլ հենց նրան ազատությունից զրկելու նպատակ»:

Հաջորդ դատական նիստում դատարանը կհրապարակի որոշումը: Նիստը նշանակվեց օգոստոսի 3-ին՝ 11.00-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031