Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. «Հայաստանը սահմանափակվում է ԵՏՄ շրջանակներով»

Հուլիս 21,2015 15:07

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստան կատարած իր պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր, թե Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններում առաջ գնալ, շուկաներ բացել, ներդրումներ կատարել: Նա հավելել էր, որ Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանի հետ նոր իրավական փաստաթղթի ստորագրման, որից գոհ կլինեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Եվրամիությունը:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ համարում է՝ եվրոպացիներն այդպես կարող են ասել, բայց Հայաստանը խնդիր ունի. «Ի վիճակի է արդյոք Հայաստանը ինքնուրույն քայլ կատարե՞լ, որովհետեւ Հայաստանի գործողությունների ազատությունն իր հարաբերություններում արտասահմանյան գործընկերների հետ սահմանափակված է: Հայաստանը սահմանափակվում է ԵՏՄ շրջանակներով, որովհետեւ ԵՏՄ-ն ունի օրակարգ եւ ԵՏՄ-ն ձգտում է, այսինքն` Մոսկվան ձգտում է, որ այդ օրակարգը լինի ԵՏՄ անդամ երկրների համար: Այսինքն՝ որպես սուբյեկտ հանդես գա ԵՏՄ-ն, ոչ թե ԵՏՄ անդամ առանձին երկիր, ինչպիսինն է Հայաստանը: Եթե Հայաստանն ի վիճակի լինի գնալ նման քայլի՝ երկկողմանի հարաբերությունների ԵՄ-ի եւ այլ երկրների հետ, դա նշանակում է, որ Հայաստանը փորձում է շրջանցել ԵՏՄ: Եվ արդեն հռետորական հարց՝ իսկ Հայաստանը կգնա՞ արդյոք այդ քայլին: Իրական վիճակը սա է, հայտարարությունները մեկ բան են, մեկ այլ բան է մեր այսօրվա իրական վիճակը, որովհետեւ այդպիսի քայլի գնալը նշանակում է, որ Հայաստանը ինքնիշխան է, իսկ Հայաստանը փաստացի ինքնիշխան չէ»:

Աշոտ Եղիազարյան

Աշոտ Եղիազարյան

Տնտեսագետի կարծիքով՝ ԵՏՄ-ն ստեղծվել է հենց նրա համար, որ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրները չփորձեն այդ ազդեցությունից դուրս գալ. «Ի վերջո, ԵՏՄ-ն միասնական պետության ստեղծումն է, միասնական պետություն նշանակում է, որ ԵՏՄ անդամ երկրները չլինեն ինքնուրույն եւ ինքնիշխան: Արտաքին աշխարհի հետ բոլոր հարաբերություններում Հայաստանը պետք է շփվի ԵՏՄ կառուցվածքներով, իսկ ԵՏՄ-ն ունի օրակարգ, որը Հայաստանի օրակարգից՝ որպես պետություն, դուրս է: Ընդհակառակը՝ Հայաստանի պետական շահերից այդ օրակարգը չի էլ բխում»:

Մեր նկատառմանը, թե ԵՏՄ տարբեր պաշտոնյաններ, այդ թվում նաեւ Դոնալդ Տուսկը, հայտարարել են, որ ԵՄ-ն հարգում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցելու որոշումը, Աշոտ Եղիազարյանն ասաց. «Բոլոր դեպքերում սպասում են Հայաստանի առաջարկներին: Առանց Հայաստանի առաջարկների՝ որեւէ այդպիսի փաստաթուղթ չի կարող լինել: Խնդիրն այն է, որ սա քաղաքական գործընթաց է, այսինքն՝ եվրոպացիները հասկանում են, որ Հայաստանը լինելու է անելանելի վիճակում, եւ անելանելի վիճակում Հայաստանը կարող է քայլ անել: Նկատի ունենանք, որ Ռուսաստանը թուլանում է եւ Ռուսաստանը նահանջում է: Այսինքն՝ կարող է գալ պահ, որ Հայաստանը կգնա այդ քայլերին, Հայաստանը կարող է առաջարկություններ ներկայացնել եւ այդ առաջարկությունները կքննարկվեն: Այս պահին դրանք ընդամենը հայտարարություններ են, բայց որոնք իրենցից ներկայացնում են գործընթացներ, այնուամենայնիվ, քննարկումների համար հարթակ, ավելի շատ ուղղված են ապագային, քան այս պահին: Այս պահին որեւէ նախադրյալ չկա՝ պնդելու, որ Հայաստանը պատրաստ է, եւ վաղը կամ մեկ ամիս հետո կներկայացնի իր առաջարկությունները, եւ այդ հայտարարությունները կվերածվեն իրական գործողությունների: Բայց Ռուսաստանի նահանջի ֆոնի վրա այդ հայտարարությունները նույնպես կարեւոր են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031