Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն ԵՏՄ-ի հետ ընդհանուր սահմաններ չունի, ինչը որոշակի խնդիրներ է առաջ բերում». Սերգեյ Սիդորսկի

Հուլիս 21,2015 14:25

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած արդյունաբերական համաժողովում այսօր ներկայացվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագիծը:

ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար, կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորոսկու խոսքով, նախագիծը ներկայացնում են միության բոլոր անդամ երկրներում, իսկ մինչ այդ հանդիպել են տեղական բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր՝ 5 տարվա կտրվածքով:

Սերգեյ Սիդորոսկին նկատեց, որ Հայաստանը, այն պետություններից է, որը միության հետ ընդհանուր սահման չունի, ինչը որոշակի խնդիրներ է առաջ բերում, եւ ինքը հենց այդ խնդիրները լսելու, քննարկելու համար է Հայաստան եկել. «Պետք է հասկանալ՝ ինչ հարցեր կան, որոնք կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով կարող են լուծում ստանալ և Հայաստանի տնտեսությունը հասցնել ԵՏՄ-ի տնտեսական պահանջներին»:

Ըստ նրա, ԵՏՄ շրջանակում ավելի հեռանկարային են շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները. «Մենք այսօր հստակ պատկերացում ունենք Հայաստանի արդյունաբերությունից: Պետք է այսօր տեսնել այն ոլորտները, որոնք այս համատեքստում կզարգանան: Օրինակ՝ ունեք լավ շինանյութեր, իսկ այսօր միության անդամ երկրներում օգտագործվում է մեծ ծավալի շինանյութ: Ես կարծում եմ, որ այս ճյուղը Հայաստանի համար հեռանկարային է, և այդ շինանյութը հիմա ներկրվում է ոչ միության անդամ երկրներից: Հիմա պետք է մենք փոխարինեք հայկական արտադրանքով, ինչը կարճ ժամկետում, կարծում եմ, կարվի»:

Ռուս պաշտոնյայի համար հեռանկարային է նաեւ հայկական կոշիկի արտադրանքը, տրիկոտաժը, որոնք, ըստ նրա, պետք է զարգացնել և ԵՏՄ շուկաներ հանել: Հարցին՝ ինչ ներդրումների հաշվին, պարոն Սիդորսկին պատասխանեց. «Եվրասիական բանկի հետ աշխատել ենք այդ ծրագրերի շուրջ, որոնք կլինեն ներդրումային միության բոլոր անդամ երկրների համար և կուղղվեն այն ոլորտներին, որոնք հեռանկարային են: Արդեն քննարկվել է նաեւ գյուղատնտեսության ոլորտի համագործակցության մասին: Այս ոլորտի զարգացման համար ձեզ պետք է տեխնիկա, մեքենաներ, տրակտորներ, կոմբայններ, ուղղակի դրանք ավելի երկարաժամկետ ծրագրերի համար են»:

Մեկ այլ հարցի, թե տարվա կտրվածքով տնտեսական անկումը շարունակական կլինի՞ եւ ինչպես ԵՏՄ-ին կհաջողվի փակել տարին, Սերգեյ Սիդորոսկին դժվարացավ պատասխանել, ասաց՝ հույս ունի, որ կհաջողվի խուսափել անկումից. «Չէի ասի, որ միանշանակ անկում կլինի, կան տնտեսական հատվածներ, որոնք աճ են գրանցում և կան ճյուղեր, որոնք անկում են ունենում»:

Ըստ նրա, հիմնականում խնդիրները արտահանման ոլորտում են, բայց այդ բացասական միտումները միայն ԵՏՄ-ի համար չեն. «Խնդիրը գլոբալ է: Առևտրաշրջանառության անկումն այսօր ոչ միայն Եվրասիական միությունում է, այլ նաև այլ երկրներում, այդ թվում նաև մեր այնպիսի գործընկերների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, Չինաստանը, Ասիան, մերձավոր Արևելքը»:

Նրա խոսքով, իրենց խնդիրն է վերափոխել ընդհանուր տնտեսության զարգացումը և միության անդամ երկրների համար շղթայական զարգացում ապահովել եւ նկատեց, որ այդ աշխատանքները արդյունք են տալիս: Ու հեռանկարային ճյուղերից թվարկեց ՏՏ ոլորտը, վերամշակման ձեռնարկությունները:

Իսկ ԵՏՄ ընդհանուր տնտեսական աճը, ըստ ռուս պաշտոնյայի, կապահովի միության երկրներից Ղազախստանը 1-2%-ով. « Բելառուսն այսօր ունի անկում նախորդ տարվա համեմատ, ՌԴ-ն նույնպես նույն մակարդակի է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031