Կա՞ր հանրային պահանջ`խորհրդարանական կկառավարման համակարգին անցնելու. այսօր «Հայելի» մամուլի ակումբում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Կար, եւ դրա պահանջն առաջ էին քաշել ընդդիմադիր ուժերը: Դա է հիմք ընդունվել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից սահմանադրությունը բարեփոխելու համար»: Ու հիմա, գնալով սահմանադրական բարեփոխումների, ըստ բանախոսի, իշխանությունները գնում են ընդդիմության պահանջին ընդառաջ: Նա հիշեցրեց նախորդ նախագահական ընտրությունները, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին նաեւ առաջարկվեց գլխավորել հանձնաժողովը:
Թե ինչո՞ւ Րաֆֆին հրաժարվեց, Խոսրով Հարությունյանն այսօր մի կողմ է թողնում, բայց նկատում է, որ այսպիսով իշխանությունը փորձում է երկխոսության դաշտ ստեղծել: «Բայց հիասթափվեցին, քանի որ ընդդիմությունն այսօր մերժում է այն, ինչը ժամանակին առաջարկում էր»,- ասաց նա:
Ըստ Խոսրով Հարությունյանի, ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ է Սահմանադրությունը ապահովում իշխանության չվերարտադրվելը. «Եթե մենք դրա ճանապարհը տեսնում ենք ընտրությունը, ապա միեւնույն ուժը կարող է մի քանի անգամ ընտրվել: Ֆինլանդիայում 37 տարի նույն ուժն ընտրվում էր, ու ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այդ ուժը վերարտադրվում է»: Խնդիրը նա տեսնում է ընտրական օրակարգի, ավանդույթի եւ օրենսգրքի կատարելագործման մեջ:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`100 տոկոսանոց համամասնական համակարգի անցնելը երաշխավորո՞ւմ է, որ այն գործիչները, որոնք քաղաքական չեն ու փորձում են խորհրդարանում հայտնվելով սեփական տնտեսական շահերը առաջ տանել, այլեւս չեն լինելու խորհրդարանում:
Կարդացեք նաև
Բանախոսն ասաց, որ եթե ամրագրում ենք, որ կուսակցական ցուցակների առաջին շարքերում լինելու են մարդիկ, ովքեր պետք է ապագա կառավարությունը ձեւավորեն`սա էապես փոխում է մթնոլորտը: Ըստ նրա, կուսակցությունները ընտրությունների ժամանակ պետք է սեփական վարչապետերին ու առանցքային նախարարներին ներկայացնեն: Այդ պարագայում նշյալ անձանց ձգտումը էապես կնվազի: «Բոլոր լուծումներն իմ գրպանում չեն, ինքս էլ առաջարկներ ունեմ եւ հիմա դրանց վրա եմ աշխատում»,- ասաց նա:
Խորհրդարանական կառավարման համակարգում Խոսրով Հարությունյանը տեսնում է կուսակցությունների առողջացման հնարավորություններ:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ