Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական շուկայում ալկոհոլային խմիչքների վաճառքը նվազել է, ինչը կազդի մեր մթերումների վրա

Հուլիս 21,2015 14:10

Այս տարի ծիրանի լավ բերք կա, փոխարենը դեղձը քիչ կլինի, քանի որ անցյալ տարի դեղձի առատ բերք է եղել: Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: Մեր այն հարցին, թե գյուղոլորտի պատասխանատուները վստահեցնում են, թե գյուղացին մթերման խնդիր չի ունենա ո’չ ծիրանի, ո’չ խաղողի, որի բերքն այս տարի նույնպես առատ է, ո’չ էլ այլ գյուղմթերքների, արդյոք այդպե՞ս է, Հրաչ Բերբերյանը պատասխանեց, որ «ժամանակից շուտ առուն թռնել պետք չի» եւ պետք է սպասել աշնանը, որպեսզի հնարավոր լինի այդ տվյալներն ամփոփել եւ նոր միայն ասել:

Սակայն, այնուամենայնիվ գյուղացին կունենա գների խնդիր եւ մի քանի խոշոր մթերող գինու, պահածոների գործարանները գյուղացուն գին կթելադրեն, այլ ոչ թե գյուղացին նրանց: Այդ պատճառով Հրաչ Բերբերյանն առաջարկում է գյուղմթերք արտադրողի մասին օրենք սահմանել, ինչի բացակայությունը մի շարք խնդիրների առաջ է կանգնեցնում գյուղացուն ու ֆերմերին. «Նախարարությունը 80-90 կոոպերատիվ է ստեղծել, բայց խնդիր կունենա, քանի որ ներկայումս սպառողական միությունները վատ վիճակում են»:

Ինչ վերաբերում է արտահանմանը, Հրաչ Բերբերյանը գտնում է, որ մրցակցություն կա, սակայն այն ձեւական բնույթ է կրում, քանի որ իրականում արտահանումը մեկ խոշոր կազմակերպության ձեռքում է:

Հրաչ Բերբերյանն ասաց, որ հաջող տարի է նաեւ կեռասենու համար, բայց կանխատեսեց, որ եկող տարի ծիրանի բերքը քիչ կլինի: Չնայած տարեսկզբի կանխատեսումներին, թե կարտոֆիլի բերքն էլ լավ կլինի, միավորման նախագահը, կարծում է, որ այս օրերի շոգ եղանակները կազդեն կարտոֆիլի պալարագոյացման վրա, ինչ հետեւանքով 10-15 տոկոս բերքի կորուստ կունենանք:

Խաղողի դաշտերում տարածված ֆիլոքսերա վարակն էլ, որը հիմնահատակ ոչնչացնում է ֆերմերների այգիները, Հրաչ Բերբերյանի կարծիքով, հնարավոր է նահանջի, քանի գիտնականները փաստել են, որ ֆիլոքսերա թրթուռը երկար չի կարողանում դիմանալ Արարատյան հարթավայրում. Պատճառներից մեկն էլ հողերում պարունակվող աղի քանակությունն է: Հրաչ Բերբերյանն ֆիլոքսերայի մասով մտահոգություն չունի եւ կարծում է, որ գյուղատնտեսության նախարարությունը բավականաչափ գործ արել է` սահմանելով կարանտին վտանգ ներկայացնող վայրերում եւ բավականաչափ էլ գումար է հատկացրել այդ վարակի դեմ պայքարելու համար:

Հրաչ Բերբերյանի մտահոգությունը ռուսական շուկայում ալկոհոլային խմիչքների վաճառքի նվազումն է, ինչը կարող է բացասական ազդել մեր գյուղացիների արտադրանքի սպառման ծավալների վրա, այսինքն` մթերումները պակասեն եւ գյուղացու բերքը մնա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031