«Իհարկե, պետք է տարբերակում դրվի ագրեսոր Հայաստանի եւ օկուպացիայի ենթարկված Ադրբեջանի միջեւ: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ Հայաստանի ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի պետք է երկակի չափանիշներից դուրս միջազգային իրավական գնահատականի արժանանա եւ Հայաստանը պետք է վերջ տա «անպատժելիության» սինդրոմին»,- այս մասին, ըստ News.az-ի, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիեւը:
Նա, մասնավորապես մեկնաբանել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ պետք է տարբերակված մոտեցումներ ցուցաբերվեն:
Հաջիեւը նշել է, թե Հայաստանը շփման գծում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը նույնիսկ Եվրոպական խաղերի նախաշեմին, «Եվս մեկ անգամ ապացուցելով օլիմպիական իդեալների եւ քաղաքացիական արժեքների նկատմամբ իր անհարգալից վերաբերմունքը: Նույնիսկ Ռամադանի ընթացքում, որը խաղաղության եւ հաշտության խորհրդանիշ է, հայերը զերծ չեն մնացել հրադադարի ռեժիմը խախտելուց, որպես թիրախ ընտրելով քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին»:
Ադրբեջանցի պաշտոնյան Հայաստանի իշխանություններին մեղադրել է երկիրը քաղաքական, տնտեսական եւ հումանիտար աղետի եզրին հասցնելու համար. «Նրանք փորձում են երկրի ներսում առկա ծայրահեղ դժգոհությունից ուշադրությունը շեղել ,եւ մարդկանց առաջնագծում սադրիչ եւ անպատասխանատու գործողությունների միջոցով վախի մեջ պահել»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ