Հուլիսի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի՝ Սփյուռքի լրագրողների, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթացների բացումը:
Երեք ուղղությամբ ընթացող դասընթացներին մասնակցում է 77 մասնակից աշխարհի 13 երկրից (Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Բելառուս, Իրան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Քուվեյթ, Լիբանան, Սիրիա, ԱՄՆ, Ղազախստան):
«Սփյուռք» ամառային դպրոցի բացումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Հայոց լեզվի արագացված ուսուցման և Սփյուռքի կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթացներով, իսկ հուլիսի 27-ին կմեկնարկի Սփյուռքում համայնքային գործի կազմակերպիչների դասընթացը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը մասնակիցներին փոխանցեց ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:
Կարդացեք նաև
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը համալսարանի ղեկավարության անունից շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը «Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը ԵՊՀ–ի հետ համատեղ անցկացնելու համար և հույս հայտնեց, որ այս տարի ևս դասընթացներն աչքի կընկնեն արդյունավետությամբ:
«Սփյուռք» ամառային դպրոցի ղեկավար Կամո Աթայանը նշեց, որ դպրոցը հիանալի հնարավորություն է մասնակիցների համար ոչ միայն խորացնել մասնագիտական գիտելիքները, այլև, համատեղելով օգտակարը հաճելիի հետ, տեսնել ու ճանաչել հայրենիքը, մտերմանալ միմյանց հետ:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը շնորհակալությամբ հիշեց 2010թ. Արցախում անցկացված Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովըը, որտեղ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկությամբ հավանության արժանացավ ու կյանքի կոչվեց միանգամից մի քանի ուղղությամբ «Սփյուռք» ամառային դպրոցի ստեղծման գաղափարը:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը հատկապես վերապատրաստվող լրագրողներին կոչ արեց դասերին զուգընթաց ակտիվ գրել Հայաստանում ստացած տպավորությունների մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ