Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Մեր դատարանները կարծես թե ԱԱԾ ստորաբաժանումներ լինեն»

Հուլիս 21,2015 12:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը Արա Բուդաղյանի խափանման միջոց նշանակված կալանքը թողեց անփոփոխ: Փաստաբան Հայկ Ալումյանը Aravot.am-ի եւ «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ դատական ակտը բողոքարկելու է Վճռաբեկ, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հայկ Ալումյանի խոսքերով՝ անձին կարելի է կալանավորել, եթե վտանգ, որ նա քննության ընթացքում կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել քննությանը կամ նոր հանցանք կատարել. «Որեւէ նման հիմք այստեղ չի ներկայացվել, ոչ մի նման հիմք չի ներկայացվել: Քննիչը եւ դատախազը պարզապես վկայակոչում են այն փաստը, որ մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ: Բայց մեղադրվել դեռ չի նշանակում մեղավոր լինել, եւ ցանկացած մարդ, ով մեղադրվում է, չի նշանակում, որ պիտի կալանավորվի: Մեզ մոտ, ցավոք, ամեն ինչ գլխիվայր է շուռ տված»:

Փաստաբանը հավելեց, որ դատական նիստի ընթացքում վկայակոչել է Ժիրայր Սեֆիլյանի գործով ՀՀ դեմ կայացված վճիռը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է խախտում. «Ցավոք, մեր դատարաններն անգամ իրենց սխալների վրա չեն սովորում: Դա վատագույն տարբերակն է: Խելացիները սովորում են ուրիշների սխալների վրա, ոչ այդքան խելացիները սեփական սխալի վրա են սովորում, մեր դատարաններն անգամ սեփական սխալի վրա չեն սովորում, իսկ դա արդեն շատ վատ բան է: Մեր դատական համակարգը կալանավորման հետ կապված գործերով այդպես էլ ոչ մի քայլ առաջ չի գնացել, մնացել է նույն տեղում, որից սկսվել էին այդ կոչեցյալ բարեփոխումները»:

Aravot.am-ի հարցին, թե որոշումը կայացնելու վրա հնարավո՞ր է, որ Սուրիկ Խաչատրյանի գործոնը ազդեր, նա պատասխանեց, թե չգիտի. «Ես մտածում եմ, որ մեր դատարանները սովորաբար, եթե Ազգային անվտանգության ծառայությունը անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում, կարծես թե մթագնում են: Իրենք ե՛ւ մոռանում են եվրոպական կոնվենցիաները, ե՛ւ ներպետական օրենքները, ե՛ւ այն բոլոր այն սեմինար-պարապմունքները, որ նրանց հետ անցկացվել են, ե՛ւ մարդկային գործոնն է դադարում աշխատել: Ես դեռ չեմ տեսել, որ անձին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունները մերժվեն: Երբեմն ստեղծվում է տպավորություն, որ մեր դատարանները կարծես թե ԱԱԾ ստորաբաժանումներ լինեն, ուղղակի դատարանի շենքում են գործում, դատարանի քողի տակ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031