Վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Կարելի է ասել, այն գերազանցեց բոլոր սպասելիքները։
Օպերատիվ տվյալներով, առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը եղել է 3,8 տոկոս՝ հինգ ամիսների համեմատ միանգամից ավելանալով 1,1 տոկոսով։ Դրան նպաստել է հատկապես բարձր ակտիվությունը հունիսին։ Վիճծառայության դիտարկումներով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն բարձրացել է 7,9 տոկոսով, որը ամենաբարձր ցուցանիշն է տարեսկզբից սկսած։
Հունիսին տնտեսական ակտիվության վրա շարունակել են նպաստավոր ազդեցություն գործել առաջին հերթին գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։
Գյուղատնտեսության աճը նախորդ տարվա նույն ամսվա մակարդակը գերազանցել է 38 տոկոսով։ Դրա շնորհիվ առաջին կիսամյակի տվյալներով, ոլորտում աճը եղել է ռեկորդային՝ 14,5 տոկոս։ Նախորդ ամսվա համեմատ գյուղատնտեսության արտադրության ծավալն ավելացել է գրեթե 80 տոկոսով։
Կարդացեք նաև
Իհարկե սա առաջին հերթին սեզոնային գործոնների հետեւանք է, բայց անկասկած այս տարի գյուղատնտեսության մեջ վիճակը անհամեմատ բարվոք է։ Այն զգալիորեն նպաստել է ոչ միան տնտեսական աճին, այլեւ արտահանման աշխուժացմանը։
Արդյունքներն արդեն նկատվում են։ Մասնավորապես այս տարվա հունիսին Հայաստանից ավելի շատ ապրանք է արտահանվել, քան նախորդ տարվա նույն ամսին (աճը՝ 7 տոկոս)։
Հունիսի զարգացումները հնարավորություն են տվել որոշակիորեն բարելավել նաեւ առաջին կիսամյակի արտահանման ցուցանիշը։ Անկումը տարեսկզբի վեց ամիսներին հասել է 11,2 տոկոսի։ Մինչդեռ հունվար-մայիսին գերազանցում էր 15 տոկոսը։ Առաջին եռամսյակի տվյալներով՝ բացասական տարբերությունն անցնում էր 23 տոկոսը։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում