Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Ներառյալ մարդկանց փողոց դուրս բերելը». «Իրատես de facto»

Հուլիս 21,2015 11:29

«Իրատեսի» հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը

– Ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն կառավարման մոդելի փոփոխությունը։

– Քաղաքացու համար, մեծ հաշվով, մեկ է՝ ինչպես են իրեն կառավարում՝ նախագահակա՞ն, կիսանախագահակա՞ն, խորհրդարանակա՞ն մոդելով, նրա համար կարևորը իր տանը նորմալ կյանքով ապրելն է։ Այդպես է ամբողջ աշխարհում։

Հայաստանի հիմնական խնդիրն այսօր ժողովրդագրականն է, որը ոչ միայն չի լուծվում, այլև խորանում է արտագաղթի պատճառով։ Ես չեմ տեսնում այդ խնդրի լուծման որևէ տարբերակ սահմանադրական փոփոխություններով։

Երկրորդ խնդիրը չկայացած օրենսդիր, գործադիր և դատական համակարգերն են և դրանց տարանջատումը։ Հայեցակարգը այդ հարցը ևս չի լուծում։

Հասարակության անվստահության պատճառը կեղծվող ընտրություններն են և իշխանության ոչ լեգիտիմությունը։ Սահմանադրական փոփոխությունը չի լուծում նաև այդ խնդիրը։

Հայաստանը կունենա՞ պաշտպանության նախարար, թե՞ այդ պաշտոնը կհանվի ու կլինի գլխավոր շտաբի պետ, զինակոչի քանակը չի ավելանա, սահմաններում կրակոցները չեն դադարի, Հայաստանի ռազմատեխնիկական բազան չի հզորանա։ Հակառակը՝ պատերազմի մեջ գտնվող երկրում գերագույն գլխավոր հրամանատար ունենալ վարչապետին՝ նվազագույնը անընդունելի է։ Խորհրդարանական կառավարմամբ որևէ երկիր չունի Հայաստանի խնդիրները, որը կարող է այդ մոդելով իր զինված ուժերը ղեկավարել։ ՀՀԿ անդամները 10-15 տարվա կտրվածքով Նոստրադամուս են դարձել և հերթով սկսել են մարգարեանալ, բայց ո՞վ է հաշվել այդ ժամկետը։ Ո՞վ է ասել, որ կիսանախագահական համակարգը հետընթաց է։ Ֆրանսիան, որ կառավարվում է այդ համակարգով, մե՞ծ հետընթաց է ապրել ու 5-10 տարի հետո փոխելո՞ւ է մոդելը։

Կրկնում եմ՝ Հայաստանի օրակարգում սահմանադրական փոփոխությունների խնդիրը հնարովի է, իրական օրակարգը մի կողմ թողած, իշխանությունն առաջարկում է սեփական օրակարգը իբրև ինքնապահպանության իրավական մեխանիզմ։

Եթե Հայաստանում լինեին արդար ընտրություններ, ցանկացած տեսակետ կարելի էր հանրաքվեի դնել ու հասարակության կարծիքը հարցնել։ Հանրաքվեն այդ կարծիքը երևան չի բերելու, քվեարկողը քվեարկող, բայց մեզանում արդյունքը որոշում է հաշվողը։ Ընտրությունների մասնակիցների ցուցակների հաջորդ օրվա տպագրումը շատ ավելի մեծ ու լուրջ փոփոխություն կարող է բերել հայկական քաղաքական դաշտում ու հասարակության հավատի վերականգնման հարցում, քան Սահմանադրության կամ այլ օրենքի որևէ փոփոխություն, որոնք, միևնույն է, չեն գործում։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքական կուսակցություններն ու հասարակությունը պետք է համակերպվեն այդ իրողության հետ և ոչինչ չանեն։ Քաղաքական այն ուժերը, որոնք ընդունում են, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մեկ կուսակցության և անհատի իշխանությունը երկարաձգելու խնդիր է լուծում, չի բխում հասարակության ու պետության շահերից, պետք է իրավիճակը փոխելու բոլոր քայլերը ձեռնարկեն՝ ներառյալ մարդկանց փողոց դուրս բերելը։ Հանրաքվեի անցկացման պարագայում ես դա ոչ միայն իրատեսական եմ համարում, այլև անխուսափելի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031