ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը շատ իմաստուն քաղաքական գործիչ է, եւ իր կարծիքով նման գործիչները պետք է շատ երկար քաղաքական կենսագրություն ունենան:
– Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ նախագահ չդառնալու մասին հայտարարությունը ձեւական բնույթ է կրում, քանի որ որոշ ժամանակ հետո նա կարող է հայտարարել, թե ՀՀԿ-ականներն են «պարտադրում», որ ինքը խորհրդարանը ղեկավարի…
– Ով որ չի ուզում ձայն տալ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին, թող ձայն չտա, այդ դեպքում խնդիրը ո՞րն է, եթե նման տեսակետ հայտնողներն այդքան ռեյտինգ ունեն, այդքան ուժեղ են, այդքան հզոր են, թող ընտրությունների ժամանակ հաղթեն, այդ դեպքում ի՞նչ խնդիր կա։ Ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում, արդեն դառավ «Կիկոսի մահը»։
Ես հպարտ եմ, որ իմ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, հպարտ եմ, որ Ս. Սարգսյանն իմ թիմի ներկայացուցիչն է, ու ես կարծում եմ, որ Ս. Սարգսյանն իմաստուն ղեկավար է։ Եթե իմ ցանկությանը մնա, ես կարծում եմ, որ նման իմաստուն քաղաքական պետական գործիչները պետք է երկար քաղաքական կենսագրություն ունենան։
Կարդացեք նաև
Չեք ուզում, որ ՀՀԿ-ն լինի իշխանություն, ուրեմն գնացեք ու կրե՛ք ընտրությունները, եթե ժողովուրդը մյուսներին վստահում է, ուրեմն ինչու են այդ դեպքում այսպես անհանգիստ։
Ես հանգիստ ասում եմ՝ մեզ համար սահմանադրական բարեփոխումներն ինքնանպատակ չեն, որոշողը ՀՀ քաղաքացին է։
Վաղն էլ կարո՞ղ է հայտարարեն, թե ինչու է ՀՀԿ-ն ընտրություններին մասնակցում, այ քեզ բան, չեք ուզում՝ ՀՀԿ-ն հաղթի, դուք հաղթեք, ով է ձեր ձեռքից բռնել։
Եթե հայտարարում են, որ Սերժ Սարգսյանն է 2017 թվականին լինելու ԱԺ նախագահ, ուրեմն իրենք վստահ են, որ ՀՀԿ-ն հաղթելու է, իսկ ես շնորհակալ եմ իրենց՝ նման վստահության համար, որ իրենք բարձր են գնահատում ՀՀԿ-ի շանսերը։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում