Հուլիսի 18-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում, Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցավ Համահայկական VI-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը: Ջահը վառելու և կրելու պատվավոր պարտականությունը կատարեց արգենտինահայ հայտնի մարզիկ Ալբերտո Բարսեղյանը:
Արարողությանը մասնակցեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, Համահայկական VI-րդ խաղերի Արգենտինայի կազմակերպչական կոմիտեի անդամները, մարզիկներ և հյուրեր:
Արարողության սկզբում Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանի հանդիսապետությամբ եկեղեցում տեղի ունեցավ համահայկական խաղերին մասնակցող արգենտինական պատվիրակության շուրջ 200 անդամների, ինչպես նաև խաղերի բացումը խորհրդանշող օլիմպիական կրակի օրհնության և բարեմաղթանքի արարողություն:
Այնուհետև ելույթներով հանդես եկան Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, Տեր Գիսակ Արքեպիսկոպոս Մուրադյանը, արգենտինահայ համայնքային և սպորտային կառույցների ղեկավարները:
Կարդացեք նաև
Իր խոսքում դեսպան Հարությունյանը կարևորեց համահայկական խաղերի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայության համախմբման, հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու առումով:
ՀՀ դեսպանն ընդգծեց նաև Համահայկական VI-րդ խաղերի անցկացման կարևորությունը հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:
ՀՀ ԱԳՆ