ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով։ Նախ՝ նա հստակեցրել է իր կողմից օրերս Մոսկվայում արած հայտարարությունը «օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» մասին։ «Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Եթե դուք ուշադրությամբ ընթերցեք ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականին իմ տված հարցազրույցը, դուք կտեսնեք, որ ասում եմ՝ ոչ մի բան համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։
Այսպիսով՝ Ուորլիքը եւս մեկ անգամ շատ հստակ կերպով պատասխանեց այն բոլոր շահարկումներին, որոնք հնչում էին ինչպես ադրբեջանական քարոզչության, այնպես էլ Հայաստանի հակաամերիկյան շրջանակների կողմից, թե իբր ԱՄՆ-ն կոչ է անում հանձնել ազատագրված տարածքները։ Ուորլիքը եւս մեկ անգամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր օրերս այլ առիթով ասել, «հատուկ կասկածամիտների համար» պարզաբանեց փաթեթային լուծման էությունը, այդ ընթացքում, ի դեպ, կատարելով շատ կարեւոր ամրագրումներ՝ կապված կոնկրետ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների որոշման հետ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր կերպով այցելում են Լեռնային Ղարաբաղ, եւ երբ մեկնում ենք, հանդիպում ենք Ստեփանակերտի փաստացի իշխանությունների հետ, եւ նրանց ձայնը պետք է տեղ գտնի համապարփակ կարգավորման մեջ»։
Սա, կարելի է ասել, Ղարաբաղը որպես բանակցային կողմ դիտարկելու մասին անուղղակի հայտարարություն է, որը անշուշտ, խիստ ողջունելի է հայկական կողմի համար:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում