Լուսանկարիչ Ջոն Լին սննդի պրոֆեսիոնալ լուսանկարիչ է: Նրա հավաքածուն բաղկացած է աղցանների, ախորժելի «բրդուճների», քաղցրավենիքի, հյութերի, ծովամթերքի, թթուների տեսականու լուսանկարներից, ունի նաեւ, կադրեր խոհանոցից, խոհարարի, խոզի, բադի դիմանկար եւ այլն: Այս ամենն այսօր Ջոն Լին ցուցադրեց «Սիրահարների այգում»:
Սան Ֆրանցիսկոյում բնակվող Ջոն Լին այս օրերին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում դասավանդում է, որպես լուսանկարիչ՝ իր փորձը փոխանցելով երիտասարդներին: Լուսանկարիչն իր լուսանկարների հավաքածուն ցուցադրեց կենտրոնի նախաձեռնությամբ:
Կարդացեք նաև
Մինչ սննդի լուսանկարների ցուցադրությունը՝ ներկայացվեցին ավելի վաղ տարիների լուսանկարները: Ինչպես լուսանկարիչն ասաց՝ նկարել է ամեն ինչ, ինչ-որ աչքի համար հետաքրքիր ու շատերի համար անտեսանելի է եղել: Լուսանկարում է 24 տարի: Աշխատել է ամերիկյան հայտնի օրաթերթում եւ գործուղվել Իրաք, Պակիստան, Թաիթի եւ այլ պատերազմական իրավիճակում ու աղքատ կարգավիճակում գտնվող երկրներ:
Աշխարհի թեժ կետերում աշխատելու ընթացքում ապրել է ավտոմեքենաների մեջ, գիշերել տանիքներում, զինվորներով շրջապատված իր գործն է արել, սակայն երբեմն պատերազմող երկրում շրջել է մենակ, առանց զինվորների, որպեսզի առավել հաջողված կադրեր որսա:
Լուսանկարել է հուղարկավորություններից սկսած՝ սպորտով, համերգներով ու այլ զանգվածային միջոցառումներով վերջացրած: Սակայն որոշել է կենտրոնանալ սննդի լուսանկարչության վրա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ