Գյումրու «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի նոր մամլո խոսնակը՝ ԱԱԾ աշխատակիցը նոր պաշտոնում էլ շարունակելու է իր նախկին գործունեությունը՝ «վերբովկաներ» անելը:
«Լրագրող Հրայր Մանուկյանի հետ ունեցած իր զրույցի ժամանակ Վլադիմիր Հակոբյանը՝ ներկայիս մամլո խոսնակը, ասել էր, որ իրեն համարում է հավաքագրման ականավոր մասնագետ: Ինչպես է աշխատելու, դե մենք իռացիոնալ երկրում ենք ապրում, իռացիոնալ իրավիճակ է, իռացիոնալ իշխանություն է, ինչ անհեթեթություն ասեք, կարող է տեղի ունենալ այստեղ: Սերժ Սարգսյանը զարհուրելի կերպով խորացնում է այդ իռացիոնալիզմը: Այսինքն, այն պաշտոնյաներին, զինակիցներին, որոնց հասարակությունը պարսավում է, ինքը պաշտոններ է տալիս, հետզհետե ավելի բարձր պաշտոններ, միայն անհեթեթ իշխանությունը կարող է նման կերպ վարվել»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր իշխանությունը հասարակությունից կախված չէ. «Այսինքն, ես հանրությունից չեմ, այդպես է ստացվում: Բարեխիղճ իշխանությունը, ամենայն հավանականությամբ, պետք է ամեն ինչ աներ, որ հանրության ընդվզման դեմ քայլեր չաներ: Բայց մեր երկրում կոնկրետ մարդկանց մերժում են, ինքը այդ մարդկանց քաշում է վեր… գուցե կադրային ճգնաժամի մեջ է»:
Նա կարծում է, որ լրագրողները Սերժ Սարգսյանի նոր մամլո խոսնակի հետ աշխատելու են՝ ծիծաղները հազիվ զսպելով. «Փռթկալու են, չեն կարողանալու պահել ժպիտները, լինելու է ուրախ մամլո քարտուղար»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ լրագրող Հրայր Մանուկյանի, ՀՀ նախագահի մամլո նոր խոսնակը ԱԱԾ այն նույն աշխատակիցն էր, որը անցած տարի փորձ էր արել իրեն ներգրավել ԱԱԾ:
Հրայր Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել դատախազությանը, բայց դատախազությունը մերժել էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ