Երեւանի բնակիչ, 1987թ. ծնված Արթուր Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակով ունենալով մաքսանենգ եղանակով կազմակերպել Վրաստանից բջջային հեռախոսների եւ պլանշետների տեղափոխումը, իր «Մերսեդես 500» մակնիշի ավտոմեքենայում 2013թ. տեղադրված գազի բալոնը կտրելով եւ հարմարեցնելով որպես թաքստոց, 2014թ. իր մյուս ավտոմեքենայով Նարինե Դիլբարյանի հետ մեկնել է Վրաստան, որտեղ ձեռք է բերել ընդհանուր 2 միլիոն 248 հազար դրամ արժողությամբ 69 հատ չինական արտադրության բջջային հեռախոս եւ 3 հատ պլանշետ:
Դրանից հետո Ա. Մեսրոպյանը նշված վայր է հրավիրել ընկերոջը `Երեւանի բնակիչ,1982թ.ծնված Կառլեն Մելքոնյանին, նրան խնդրելով Վրաստան մեկնել «Մերսեդես 500» ավտոմեքենայով: 2014թ. ապրիլի 23-ին Ա. Մեսրոպյանը նշված ավտոմեքենայի գազի բալոնի մեջ պատրաստված թաքստոցում Կ. Մելքոնյանի հետ տեղադրել է նշված հեռախոսներն ու պլանշետները եւ նույն օրը ՀՀ մաքսային հսկողությունից թաքցնելով, Բագրատաշենի մաքսակետով կազմակերպել է հեռախոսների եւ պլանշետների ՀՀ տեղափոխումը, սակայն Կ. Մելքոնյանի վարած ավտոմեքենայում հեռախոսները հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ա. Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 1-ին մասով, իսկ Կ. Մելքոնյանին` 215 հոդվածի 1-ն մասով: Մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննության սկսվելը Արթուր Մեսրոպյանը եւ Կառլեն Մելքոնյանը միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է,համաձայն են մեղադրանքի հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Մեսրոպյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ դատապարտել ազատազրկման՝ 1 տարի ութ ամիս ժամկետով, Կ.Մելքոնյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել տուգանքի՝ 1 միլիոն դրամի չափով: Դատարանը վճռել է իրեղեն ապացույց ճանաչված մաքսանենգության առարկաները՝ 2 միլիոն 248 հազար դրամ արժողության 69 հատ չինական արտադրության բջջային հեռախոսները ու 3 հատ պլանշետները բռնագրավել հօգուտ պետության:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ