Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր 5 կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ խոսել ներքաղաքական խնդիրների, սահմանադրական փոփոխությունների մասին:
Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը, Ժառանգությունից՝ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյան ասաց, որ Ժառանգությունը իր հիմնական տեսակետն է հայտնել այդ հանդիպմանը. «Քննարկվեցին Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տեսակետները: Մենք փաստեցինք, որ Սահմանադրական բարեփոխումների այս նախաձեռնությունն օրինական չէ, որովհետեւ պետք է նայել, թե ովքեր են նախաձեռնողները եւ հետո ինչ միջոցներով պետք է դա իրականացվեն: Մենք ասացինք, որ ցուցակները պետք է հրապարակվեն, որովհետեւ ցանկացած պարագայում կեղծվելու են ընտրությունների արդյունքները, այդ թվում նաեւ Սահմանադրական փոփոխությունների արդյունքները, եթե այդ քայլը չի արվելու»:
Ժառանգությունը Դոնալդ Տուսկին նաեւ ասել է, որ Սահմանադրական ճգնաժամ գոյություն չունի, կոնսենսուս կա ընդդիմադիր դաշտում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Դոնալդ Տուսկն ի՞ն չ տպավորություն ստացավ, նրան հաջողվե՞ց համոզել իրենց այն տեսակետը, որ այս փոփոխությունները նպաստելու են իշխող ուժի վերարտադրմանը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ Դոնալդ Տուսկը շատ լավ տեղեկացված էր, թե ինչ է կատարվում եւ այդ 1-ժամյա հանդիպումից չէ, որ պետք է տեղեկանար իրական պատկերի մասին. «Իրենք շատ լավ պատկերացումներ ունեն, ուղղակի այդ հանդիպումը եւս մեկ անգամ պետք էր՝ հավաստելու իրենց տվյալները: Նրանք գիտեին Հայաստանում քաղաքական մթնոլորտի մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ