Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը Դոնալդ Տուսկին ասել է, որ համարյա կոնսենսուս կա մերժելու Սահմանադրական նախաձեռնությունը

Հուլիս 20,2015 18:44

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հանդիպել է խորհրդարանական ընդդիմադիր 5 կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ խոսել ներքաղաքական խնդիրների, սահմանադրական փոփոխությունների մասին:

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԵԽ պատվիրակությունը նախապես հայտարարել է, որ հանդիպման մանրամասները հրապարակման ենթակա չեն: Ուստի նա միայն հայտնեց, որ  հանդիպմանը յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրել է իր տեսակետը, եւ  որեւէ քաղաքական ուժի կողմից նոր բան չի ասվել:

ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել է տիկին Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը, Ժառանգությունից՝ Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

Levon-ZurabyanՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ քաղաքական էթիկայից դուրս է ներկայացնել, թե ով ինչ է ասել այդ հանդիպմանը, բայց կարող են հրապարակել, թե կոնկրետ ՀԱԿ-ն ինչ տեսակետ է հայտնել: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Մենք մանրամասն նկարագրել ենք, թե ինչպես է ՀՀ-ում ոչնչացված ընտրությունների ինստիտուտը: Ինչ ծավալի ընտրակեղծարարություն է արվում, որի պատճառով Հայաստանը մտել է այն երկրների շարքը, որտեղ ընտրությունների միջոցով ըստ էության իշխանության փոփոխություն  հնարավոր չէ: Ընտրակեղծարարությամբ ապահովում են իշխող քաղաքական կուսակցության հաղթանակը: Սա քիչ էր, հիմա էլ փորձում են լրացնել երրորդ նախագահական պաշտոնավարման վրա դրված սահմանադրական արգելքը: Դա արվում է շատ խորամանկ ձեւով, իբր թե կատարվում է անցում դեպի խորհրդարանական կառավարում: Իրականում իրենց պլանն է մոտավորապես ստեղծել 1977-ի բրեժնեւյան Սահմանադրության վիճակը, որի միջոցով Սերժ Սարգսյանը վերահսկելու է բոլոր ոլորտները»:

ՀԱԿ-ը նաեւ նշել է, որ Սահմանադրական փոփոխություններ հնարավոր է,  եթե կա քաղաքական ուժերի լայն կոնսենսուս. «Մենք տեղեկացրեցինք, որ ոչ միայն նման կոնսենսուս չկա, այլ համարյա կոնսենսուս կա մերժելու այդ նախաձեռնությունը: Ասել ենք, որ Եռյակը ժամանակին այդ փոփոխությունների դեմ մասսայական հանրահավաքներ է անցկացրել, եւ իշխանությունը փորձեց բռնաճնշումներով ձեւավորել իրենց պահանջված քաղաքական կոնսենսուսը: Ասել ենք, որ բռնաճնշումներ եղան, ստիպեցին կուսակցություններից մեկի ղեկավարին ընդհանրապես լքել քաղաքականությունը»:

Անդրադարձ է եղել նաեւ նախագծի հրապարակված դրույթների հետ կապված: Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ասել ենք, որ դրույթներից պարզ է դառնում, թե ինչպես է իշխող քաղաքական ուժն իր մենաշնորհը փորձում ամրագրել արդեն նաեւ սահմանադրորեն:

Հանդիպման վերջում Լեւոն Զուրաբյանը խնդրել է Դոնալդ Տուսկին Վենետիկի հանձնաժողովին էլ տեղյակ պահել, որ Հայաստանում չկա կոնսենսուս Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. «Մի հարցում, որ կա կոնսենսուս բոլոր ընդդիմադիր խմբակցությունների, ԸՕ-ում բարեփոխումներն են, իսկ այդտեղ արդեն իշխող ուժը դիմադրում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031