Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով զավեշտները շարունակվում են

Հուլիս 20,2015 17:48

ՀՀ վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժել է Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանի ներկայացրած բողոքը`առաջին ատյանի դատարանի` կալանքի որոշման դեմ: Կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքող կողմն ամբողջությամբ անհիմն է համարում ու պնդում է, որ այդ ամենը չի բխում միջնորդությանը կից ներկայացված նյութերից:

Aravot.am-ի հետ զրույցում Վահան Հովհաննիսյանն ասաց. «Եվ հիմնավոր կասկածն էր բացակայում, եւ կալանավորման հիմքերն ու պայմանները: Առաջին ատյանի դատարանի որոշումը կազմված էր կոպիտ դատավարական խախտումներով, նաեւ Սահմանադրության ու Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտումներով»: Հաշվի առնելով այս հանգամանքները, կողմը դիմել էր վերաքննիչ:

«Բայց հետաքրքիրն այն էր, որ շուրջ մեկ ժամ մեր ներկայացրած բողոքը, որը 15 էջից էր կազմված, դատավորն ընդամենը 6-7 րոպեում, խորհրդակցական սենյակում, ուսումնասիրեց, եզրակացություն կազմեց որոշում կայացրեց»,- մանրամասներ ներկայացրեց Վահան Հովհաննիսյանը:

Սա անակնկալ, բայց տարօրինակ չէր փաստաբանի համար. «Ի սկզբանե ամեն ինչ պարզ էր ու հասկանալի էր, թե ինչ է լինելու»:

Այնուհանդերձ, վերաքննիչի որոշումը ևս կբողոքարկվի: «Վճռաբեկը, կարծում եմ ավելի օբյեկտիվ ու անկողմնակալ կլինի»,- մեր հարցին ի պատասխան ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031